Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետական կարևոր հարցերում չպիտի անցնենք ներքին կուսակցական կռիվների». պատմաբան

Մայիս 28,2014 17:45

«96 տարի անց էլ մենք մեր հարևան պետությունների՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ շարունակում ենք ունենալ այն նույն խնդիրները, որոնք կային 1918 թ. մայիսի 28-ի դրությամբ, երբ հռչակվեց Հայաստանի առաջին հանրապետությունը: Ուզում եմ ասել, որ Առաջին հանրապետության դասերն այսօր էլ շատ արդիական են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ արտահայտեց ԵՊՀ դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Գևորգ Մելքոնյանը՝ անդրադառնալով Առաջին հանրապետության հռչակմանն ու մայիսյան հերոսամարտերին:

Նրա դիտարկմամբ՝ մայիսյան հաղթանակները մեզ ոչ միայն անկախ հանրապետություն են տվել, այլև հավատ սեփական ուժերի նկատմամբ, որը, նրա համոզմամբ, շատ ավելի կարևոր էր ցեղասպանություն տեսած ժողովրդի համար. «Ժողովուրդների պատմության մեջ շատ հազվադեպ է լինում, որ ցեղասպանության, զանգվածային կոտորածների, տեղահանությունների ենթարկված ժողովուրդը կարողանա իր մեջ ուժ գտնել և տանել ոչ թե մեկ, այլ մի քանի հաղթանակներ, այն էլ կանոնավոր բանակի նկատմամբ, որն ունի հարյուրամյակների ռազմական պատմություն ու փորձ»,- ասում է Գ. Մելքոնյանը:
Նա կարծում է, որ մայիսյան հաղթանակների գործում մեծ դեր ունի և այն հանգամանքը, որ, շնորհիվ Արամ Մանուկյանի, ողջ հայ ազգը, մի կողմ դրած կուսակցական պատկանելությունը, դարձավ մեկ միասնական ուժ և կարողացավ դիմակայել արտաքին ագրեսիային:

«Ի պատիվ առաջին հանրապետության գործիչների՝ մենք կարողացանք երկու տարվա ընթացքում կերտել հանրապետություն: Այլ հարց է, որ այդ հանրապետությունը շատ կարճ կյանք ունեցավ,- ասում է պատմաբանը,- Չպետք է մոռանանք, որ Առաջին հանրապետության կործանման հիմքում ընկած էին նաև ներկուսակցական գզվռտոցները, և սրանից մենք այսօր պիտի դասեր քաղենք, որպեսզի թույլ չտանք, որ պետական կարևոր հարցերում անցնենք ներքին կուսակցական կռիվների: Մենք Կարսը 1920 թ. հանձնեցինք առանց կռվի: Այն դեպքում, երբ այդ ժամանակ հայկական բանակն ավելի լավ վիճակում էր, քան, ասենք, 1918-ին: Չկռվեցինք միայն այդ պրոպագանդայի արդյունքում»:
Պատմաբանը գտնում է, որ մայիսյան հերոսամարտերի հերոսների կերպարներով մենք պիտի կարողանանք դաստիարակել սերունդներին, որովհետև, ինչպես ցավով նշեց նա, սահմանին այսօր կատարվող իրադարձությունները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ մեր արևելյան հարևանի հետ տարածքային խնդիրները շարունակում են մնալ չլուծված. «Պետք է միշտ զգոն լինել,- ասում է նա,- և շատ կարևոր է, որ մեր երիտասարդներին ներկայացվեն այդ հերոսներն իրենց անցած ուղով, որովհետև 1918-ի մայիսին տեղի ունեցածը, իսկապես, հերոսական մաքառման մեկ դրվագ չէր, դա շուրջ հինգ դար պետականություն չունեցած, մեծ տերությունների լծի տակ ապրած, ցեղասպանություն տեսած, սակայն իր մեջ ուժ վերագտած ժողովրդի հաղթանակ էր, որն այսօր վերագնահատման կարիք ունի»:

Բայց, մյուս կողմից էլ, Գ. Մելքոնյանը նկատել է, որ այսօր երիտասարդների մի մասը գրեթե ոչինչ չգիտի 1918-ի մայիսյան հերոսամարտերի ու նրա հերոսների մասին. «Եթե այսօր մենք հարցումներ կատարենք մեր երիտասարդների շրջանում, թե ովքեր էին 1918-ի մայիսյան հերոսամարտը կերտողները, կտեսնենք, որ այստեղ իսկապես լուրջ խնդիրներ ունենք, և շատ մտահոգիչ է, որ մեր պատմության այս փառավոր հերոսներին երիտասարդների մի մասը չի ճանաչում»,- ասաց Գ. Մելքոնյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անահիտ (ԵՊՀ դասախոս) says:

    Երիտասարդների այն մասը չգիտի պատմություն` ովքեր ծառայում են քո կողմից հիմնադրված ,,ախալքալաքցիների զորքի,, շարքերում…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031