Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Զոլյան. «Ուկրաինայի ընտրություններում Յարոշի ստացած 0,7%-ը փշրեց ռուսական քարոզչական միֆը»

Մայիս 28,2014 17:31

«Ուկրաինայում նախագահական ընտրությունները եւ դրա հավանական ազդեցությունը ԱլԳ տարածաշրջանի, մասնավորապես՝ Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության վրա» թեմայով Երեւանի մամուլի ակումբը եւ «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամն այսօր կլոր սեղան էին կազմակերպել, որի ժամանակ քաղաքագետ, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Միքայել Զոլյանը ներկայացրեց մայիսի 25-ին Ուկրաինայում կայացած նախագահական ընտրությունների ամփոփ պատկերը:

Հիշեցենք, որ արդյունքում հաղթել է Պյոտր Պորոշենկոն, որը համարվում է Ուկրաինայի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ օլիգարխ:

Ամենահետաքրքիր արդյունքներից մեկը, որն այս ընտրություններում արձանագրվեց, ըստ Մ.Զոլյանի, այն էր, որ ակնհայտ դարձավ, թե ռուսական մեծամասշտաբ քարոզչությունը այն մասին, որ Ուկրաինայում իշխանության են գալիս ֆաշիստները, կամ որ Մայդանը եւ եվրոպամետները, հակառուսականները ֆաշիստական-նացիստական ուժեր են, ամբողջությամբ սին դուրս եկան. «Պարզվեց, որ Ուկրաինայում ծայրահեղ աջ ուժերը ունեն շատ ավելի քիչ աջակցություն, քան Արեւմտյան եւ Կենտրոնական Եվրոպայի այլ երկրներում: Ուկրաինայի նախագահի թեկնածու Դմիտրի Յարոշը ողջ Ուկրաինայում անգամ 1% ձայն չի կարողացել հավաքել, ընդամենը 0,7%: Եվ դա այն դեպքում, երբ նույն օրերին կայացած Եվրախորհրդարանի ընտրություններում, ծայրահեղ աջերը շատ ավելի մեծ տոկոսներ են գրանցել»:

Պարոն Զոլյանը վերապահում արեց, որ իհարկե, Եվրախորհրդարանի ընտրությունները նախագահական ընտրություններ չեն, եւ դրանց մասնակցում են միայն ժողովրդի ամենաակտիվ զանգվածները, այդուհանդերձ, Ֆրանսիայում, ազգայնական կուսակցություն՝ Մարին Լը Պենի ղեկավարած «Ազգային ճակատը» 25%-ով առաջին տեղն է գրավել, Մեծ Բրիտանիայում նույնպես 1-ին տեղը գրավել է ռասիստական համարում ունեցող UKIP կուսակցությունը՝ 27%, նմանատիպ արդյունքներ կան նաեւ Հունգարիայում, Հունաստանում, Նիդեռլանդներում, որտեղ ազգայնական, իսկ որոշ դեպքերում՝ ակնհայտ ֆաշիստական կուսակցությունները ձայների մեծ տոկոս են հավաքում: Սա, անշուշտ, ըստ բանախոսի, պայմանավորված է Եվրամիության երկրներում առկա դժգոհություններով՝ անօրինական միգրանտների հանդեպ, եւ, ասենք, որոշ կուսակցությունների նախընտրական քարոզչությունն անցել է հենց այդ ֆոնով, այդուհանդերձ, փաստը մնում է փաստ, որ Ուկրաինայում բացարձակապես նման միտումներ չկան:

Ավելին, ինչպես ներկայացրեց Մ.Զոլյանը, Ուկրաինայում 2%-ից ավելի ձայն է հավաքել բիզնեսմեն, ազգությամբ հրեա Ռաբինովիչը, որը իր թեկնածությունը դրել էր այս ընտրություններում, ապացուցելու համար, որ քարոզչական այն պնդումները , թե Ուկրաինայում նացիոնալիստական եւ հակասեմիտական հոսանքները հաղթում են՝ չեն համապատասխանում իրականությանը. «Ստացվեց, որ հրեա Ռաբինովիչը ավելի շատ ձայն ստացավ, քան ուկրաինական ամենաազգայնական թեկնածուները միասին վերցրած՝ Յարոշն ու Տյագնիբոկը»:

Ինչ վերաբերում է ընդհանրապես Ուկրաինայի ընտրություններին, ապա, ըստ քաղաքագետի, ոչ մի կերպ չի կարելի համաձայնել ռուսական քարոզչության այն պնդումներին, թե դրանք տապալվել են, քանի որ Արեւելյան Ուկրաինան մասնակցություն չի ունեցել. «Եթե հանենք Լուգանսկը եւ Դոնեցկը, չի կարելի ասել, որ Արեւելյան Ուկրաինայում ընտրությունները լրիվ տապալվել են, որովհետեւ բնակչության 20%-ը մասնակցել է ընտրություններին: Եվ Պորոշենկոն, իհարկե, ավելի քիչ տոկոսով, բայց միեւնույն է, հաղթել է նաեւ Արեւելյան Ուկրաինայում: Օրինակ, եթե Լվովում նա հավաքել է 70%, ապա Օդեսայում՝ 41%, բայց էլի առաջինն է»: Իսկ Լուգանսկում եւ Դոնեցկում ընտրությունները չի կարելի համարել կայացած, որովհետեւ դժվար է խոսել ընտրությունների մասին մի տարածքում, որտեղ կրակում են, եւ մարդիկ ֆիզիկական վտանգի տակ են:

Անդրադառնալով ռուսական քարոզչությանը, որը «ֆաշիստական Մայդանի» մասով, գոնե տապալվեց, Միքայել Զոլյանը խոսեց այժմ արդիական դարձած մեկ այլ քննադատության մասին՝ «հիմա էլ ասում են՝ ի՞նչ միտք ուներ մի օլիգարխին մեկ այլ օլիգարխով փոխարինել, եւ այս մի քննադատության մեջ ճշմարտության ավելի մեծ հատիկ կա»: Այդուհանդերձ, նա կարծում է, որ ՈՒկրաինայի քաղաքացիական հասարակությունը շատ մարտական է տրամադրված եւ դժվար թե թույլ տա, որ Պորոշենկոն լինի «տեր եւ թագավոր», այլապես կլիննի նոր Մայդան:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031