Լրահոս
Օրվա լրահոսը

Իզաբելլա Սարգսյան. «Ուկրաինայում սկսվել է ազգային ինքնության վերաձեւակերպման գործընթաց»

Մայիս 28,2014 16:57

Երեւանի մամուլի ակումբը եւ «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամն այսօր կազմակերպել էին կլոր սեղան, որի ժամանակ քննարկվում էր Ուկրաինայում ստեղծված իրավիճակը՝ մայիսի 25-ին այնտեղ կայացած նախագահական ընտրություններից հետո:

«Ուկրաինայում նախագահական ընտրությունները եւ դրա հավանական ազդեցությունը ԱլԳ տարածաշրջանի, մասնավորապես՝ Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության վրա» թեմայով կլոր սեղանի ժամանակ «Երիտասարդությունը հանուն ժողովրդավարության» ՀԿ նախագահ Իզաբելլա Սարգսյանը ներկայացրեց երեք հետաքրքիր սոցիոլոգիական հետազոտություններ՝ Ուկրաինային առնչվող, որոնցից մեկը ամերիկյան Pew կենտրոնը  կատարել է Ուկրաինայում, մյուս երկուսը՝ ռուսական երկու կազմակերպությունների՝ Левада-Центр-ի  եւ ВЦИОМ-ի՝ Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյանի կենտրոնի  կողմից կատարվել էր Ռուսաստանում՝ այս տարվա մարտ-ապրիլ ամիսներին:

Ստացված պատկերը բավականին հետաքրքիր էր: Ռուսաստանի պարագայում, անկախ նրանից, հարցումը Ռուսաստանի ո՞ր հատվածում է եղել՝ ծայրահեղ արեւելքում, թե հարավում կամ ՌԴ եվրոպական հատվածում, հարցումների պատասխանները միատարր էին, այսինքն՝ բնակչությունը, անկախ իր աշխարհագրական դիրքից, ունի նույն մոտեցումը որեւէ հարցին: Այդ կտրվածքով՝ ողջ Ռուսաստանում աճում է Պուտինի վարկանիշը, համատարած կարծիք կա, որ Ղրիմի՝ Ուկրաինայից անջատվելը միարժեք եւ ճիշտ քայլ էր, գերակշռող մեծամասնությունը հրճվանք եւ ուրախություն է ապրել այդ փաստի կապակցությամբ եւ միայն 1%-ն է «ամոթի զգացում» ապրել, համարելով, որ դա բռնակցում էր:

Այնինչ Ուկրաինայում ստացված պատկերը տրամագծորեն այլ էր: Այստեղ որեւէ երեւույթի հանդեպ միանշանակ մոտեցում չկա՝ Արեւմտյան Ուկրաինայի եւ Արեւելյան Ուկրաինայի բնակիչների կարծիքները զգալիորեն տարբերվում են միմյանցից:
Իզաբելլա Սարգսյանի տպավորություններով, որն օրերս էր վերադարձել Կիեւից, իսկ մինչ այդ Բեռլինում մասնակցել էր քաղաքացիական հասարակությունների մի համաժողովի, որին մասնակցում էին նաեւ ՌԴ եւ Ուկրաինայի գործընկերներ՝ Ռուսաստանի մեծամասշտաբ տարածքում նման միակարծությունը պայմանավորված է քարոզչությամբ եւ այդ քարոզչության արդյունքում ժողովրդի մեջ ամրապնդված ամբողջատիրական, մեծապետական գաղափարներով. «Սա խոսում է ռուս ժողովրդի այն պատկերացումների մասին, որ Վելիկայա Ռոսիան շատ ավելի կարեւոր է, քան հացը»:

Ինչ վերաբերում է ուկրաինացիներին, ըստ Իզաբելլա Սարգսյանի, Ուկրաինայում ուկրաինացու ինքնությունը վերաձեւակերպվում է, վերակերտվում է ուկրաինական ազգ եւ ժողովուրդ հասկացությունը, որը այժմ չի ենթադրում էթնիկ պատկանելություն. «Կան ռուսախոս ուկրաինացիներ կամ անգամ էթնիկ ռուսներ՝ Ուկրաինայում ապրող, որոնք ուկրաինական ինքնության կրողն են եւ անկախ Ուկրաինայի համար պայքարողներ, եւ հակառակը՝ կան էթնիկ ուկրաինացիներ, որոնք ապրում են, ասենք, Ղրիմում եւ ռուսական ինքնության կրողն են, անջատողական են: Այդ պատճառով, այժմ ուկրաինական հասարակության մեջ Ռուսաստանը որպես արտաքին թշնամի է ընկալվում, ինչը օգնում է ազգակերտման, ազգային ինքնության վերաձեւակերպման գործընթացին»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031