Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հանրապետության տոնի կապակցությամբ

Մայիս 28,2014 15:34

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի և ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ մասնակցել է Հանրապետության տոնին նվիրված տոնակատարությանը: Հանրապետության Նախագահը ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել: Տոնակատարության շրջանակներում Նախագահն ընդունել է Պատվո նվագախմբի հանդիսավոր քայլերթը, հանդիսության մասնակիցների հետ դիտել տոնի առթիվ մշակութային կատարումը:

Տոնակատարությունից հետո, Սերժ Սարգսյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիրի Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան, որտեղ տեղի է ունեցել Հանրապետության տոնի առթիվ պարգևատրման արարողությունը:

Նախագահ հրամանագրերով Հանրապետության տոնի առթիվ պետական պարգևներ և կոչումներ են շնորհվել գիտության, կրթության, տնտեսության, առողջապահության, մշակույթի ոլորտների, արվեստի ու սպորտի բնագավառների, Սփյուռքի մի շարք ներկայացուցիչների, ինչպես նաև Հայոց բանակի մի խումբ զինծառայողների: Սերժ Սարգսյանը շնորհավորել է պարգևատրվածներին Հանրապետության տոնի ու պետական բարձր պարգևների և կոչումների արժանանալու առթիվ և պարգևատրման արարողության մասնակիցներին հանձնել պարգևները:

«Այն փաստը, որ այս արարողությունը տեղի է ունենում Սարդարապատում, առանձնահատուկ խորհուրդ ունի: Սրանով մենք ընդգծում ենք մեր ժողովրդի տարբեր սերունդների կապն ու ժառանգականությունը: Սրանով մենք շեշտում ենք, որ մեծ հաշվով բոլորի արած գործը նույն ուղեծրում է: Դա հայոց պետականությունն է, նրա պատմությունն ու ներկան: Զինվորականը, ուսուցիչը, գիտնականը, արվեստագետը, բժիշկը մենք բոլորս մեկ ուղեծրում ենք, որ կոչվում է Հայաստանի Հանրապետություն:
Սիրելի՛ պարգևատրվածներ, մաղթում եմ ձեզ, որ ձեր գործով և վարքով արժանի լինեք այն սխրանքին, որ մեր նախնիները գործել են այս սրբազան դարձած վայրում: Շնորհակալ եմ ձեր համբերատարության համար և ուզում եմ ասել, որ մենք, իհարկե, գիտակցաբար ավելի շատ մարդկանց հրավիրեցինք այստեղ պարգևատրվելու, որովհետև, իրոք, ես համարում եմ՝ սա առանձնահատուկ տեղ է, և առանձնահատուկ շնորհ է այստեղ պարգև ստանալը: Կրկին շնորհավորում եմ բոլորիդ պարգևատրվելու առթիվ»,-ասել է Հանրապետության Նախագահը:

Սերժ Սարգսյանը Սարդարապատում նաև շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ:

***

Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առթիվ:
1918 թվականի մայիսի 28-ին ճակատագիրը մեզ պատմական հնարավորություն ընձեռեց վերականգնելու Հայաստանի անկախությունը: Ռուսաստանի հեղափոխական ցնցումները, առաջին աշխարհամարտի իրադարձությունները և անպատեհ այլ հանգամանքներ ստեղծել էին մի իրավիճակ, երբ մենք մնացել էինք մենակ բազում մարտահրավերների առջև: Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում շարունակվում էր, ռուս-թուրքական ռազմաճակատը վերածվել էր հայ-թուրքական ճակատի:
Ահա այդ պահին և այդ պայմաններում տեղի ունեցավ հրաշքը, որ ավելի աշխարհական բառով կոչվում է սխրանք: Այդ սխրանքը գործեցին հայ ռազմիկները, քաղաքական գործիչները, շինականները, հոգևորականները, մտավորականները, հայության ամբողջ մի սերունդ: Չսպասված, չծրագրված, չնախապատրաստված և խորքում՝ ողբերգական մայիսի 28-ը նրանք վերածեցին ազգային զարթոնքի: Այն կոչված էր պատերազմի ու ցեղասպանության, սովի ու համաճարակների, գաղթականության և հուսահատության հովիտը՝ Հայաստանը, դարձնելու ազատ, անկախ, բարեշեն և ժողովրդավար երկիր:
Այսօր մենք կանգնած ենք Սարդարապատում և գլուխ ենք խոնարհում Հայաստանի վերջին հողակտորը պաշտպանած և հայության վերջին բեկորներին փրկած նահատակների հիշատակի առաջ: Եթե մայիսյան հերոսամարտերում և մանավանդ Սարդարապատում հայերը պարտվեին, ապա թուրքական զորքերն անարգել մտնում էին Էջմիածին և Երևան: Եթե այդքանից հետո աշխարհի երեսին մնար հայ պատմաբան, ապա նա առանց մեծ դժվարության կարող էր հիմնավորել, որ հայերի հաղթանակը օբյեկտիվորեն անհնար էր: Բոլոր փաստերը և ողջ իրականությունը կարծես մեր դեմ էին, բայց մենք փրկվեցինք այստեղ: Ինքներս վաստակեցինք ապրելու և միջազգային քաղաքական ասպարեզ վերադառնալու իրավունքը: Եվ դա արել է հայության բոլոր ժամանակների ամենաողբերգական, բայց միաժամանակ ամենահերոսական սերունդը: Հավերժ փա՛ռք և խոնարհու՛մ բոլոր անվանի և անանուն հերոսների պայծառ հիշատակին:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս մայիսյան հաղթանակների և Հանրապետության տոնի կապակցությամբ: Սա մեծ օր է՝ հարության և վերածննդի օր: Մաղթում եմ բոլորիս տոնական բարձր տրամադրություն և խաղաղ երկինք:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031