«Եթե հիշենք արցախյան պատերազմի առաջին օրերը, դա նույն Սարդարապատն էր»,- այսօր՝ մայիսի 28-ին, Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ Սարդարապատ հուշահամալիր այցելության ընթացքում, ասաց գրող Ռուբեն Հովսեփյանը:
Նա հիշեց, որ արգելված էր Ղարաբաղ հասնելը եւ մանավանդ՝ զենք գտնելը, բայց շատերը գտան եւ նույնիսկ պարսատիկով հասան Ղարաբաղ, որտեղ եւ տեղի ունեցավ նույն սարդարապատյան պոռթկումը, մինչեւ աստիճանաբար ձեւավորվեց հայկական բանակը: Սակայն պարոն Հովսեփյանը նշեց, որ չպետք է սպասել, որ այդ պոռթկումը կրկնվի.
«Չսպասես, հետո պոռթկաս այդ կրիտիկական պահին, կրիտիկական պահեր միշտ էլ լինելու են: Երեւի թե այդ պոռթկումների հաջողություններից, ձեռքբերումներից ելնելով՝ պետք է մենք նաեւ կարողանանք ոչ կրիտիկական պահերին պոռթկալ»:
Aravot.am-ի հարցին, թե կարծիք կա, որ Հայաստանի Երկրորդ եւ Երրորդ հանրապետությունները Առաջին Հանրապետության ժառանգներն են եւ առանց Առաջին Հանրապետության չէին լինի նաեւ նրանք, ինչպե՞ս է նա գնահատում՝ այսօրվա իշխանությունները կարողանո՞ւմ են պահպանել Սարդարապատում զոհվածների հիշատակը. «Արցախյան պատերազմում հաղթանակն արդեն պատասխան է Ձեր հարցին: Իմ կարծիքով՝ այսօրվա ամենահաջող ձեռքբերումն այն է, որ մեր բանակը գոյություն ունի, ոչ թե ֆիդայական շարժումներ են, ինչ-որ հայրենասերների ջոկատներ են, այլ կա բանակ, հզոր բանակ, որը մեծ ձեռքբերում է, դա է հարգանքը, որ կարող են անել ու անում են»:
Իսկ պաշտպանության նախարարի խորհրդական, Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը նշեց, որ հպարտությամբ է քայլում հուշահամալիրի ճանապարհով եւ հպարտանում է, որ հայ է ծնվել. «Այստեղ գալով, որ նայում ենք նկարները, ես ու Գեղամ Հարությունյանը ամեն անգամ նկարների առաջ կանգնելով՝ մտածում ենք՝ ի՜նչ հզոր առաջնորդներ ենք ունեցել եւ դեռ ունենք եւ կունենանք, այնպես որ, այսօրն ինձ համար տոնական օր է: Ես հպարտ եմ, որ գտնվում եմ այստեղ՝ մեծերի կողքին եւ իմ հարգանքի տուրքն եմ մատուցում»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ