Լրահոս
Օրվա լրահոսը

Ժիրայր Սէֆիլյան. «Այսօրվա ռազմաքաղաքական ղեկավարության վեջը չէ մեր ամենօրյա զոհերը»

Մայիս 28,2014 14:09

«Մայիսի 18-ը հայ ժողովրդի՝ հրաշք իրականացնելու ապացույցն է, հայ ժողովրդի աննկուն կամքի և անկարելին հնարավոր դարձնելու փաստն է: Առանց այդ աննկուն կամքի՝ մեզ հնարավոր չէր լինելու գոյություն ունենալ մեր հայրենիքում»,-այսօր Հանրապետության հրապարակում կազմակերպված «Առաջին Հանրապետության որոշիչ դերը հայության ապագաղութացման և Ցեղասպանության հետևանքների հաղթահարման գործում. պատմական դասեր և ապագայի հեռանկար» խորագրով ասուլիսին հայտարարեց Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանը:

Նախախորհրդարանի մամուլի քարտուղար Վարուժան Ավետիսյանը նշեց, թե ասուլիսը հատուկ են կազմակերպել Հանրապետության հրապարակում, քանի որ Հանրապետության հրապարակը պետության և պետականության խորհրդանիշն է: Հետո տեղեկացրեց, որ ապագա Հայաստանում, որի կառուցումը շուտով սկսելու են ներկայիս վարչախմբի հեռացումից հետո, Հանրապետության հրապարակում տեղադրվելու է պետության գլխավոր խորհրդանիշը:

Այնուհետև պարոն Ավետիսյանը ընթերցեց Նախախորհրդարանի հայտարարությունը, որտեղ Մայիսի 28-ը անվանվում էր՝ որպես անկախության վերականգնման մեր նոր պատմության շրջադարձային փուլից մեկը:

Նախախորհրդարանի հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Ներկայիս պետական համակարգը հետզհետե վերածվեց օտարին ծառայող, գաղութացման գործիքի, որն իր տիրապետությունը պահպանելու համար յուրային ժողովրդին փաստացի ենթարկում է«սպիտակ ցեղասպանության»:

Շեշտվեց, որ Նախախորհրդարանը մշակել է ազգային ռազմավարություն, ժողովրդի կամքը ներկայացնող մարմին՝ հիմնադիր խորհրդարան և կոչ արվեց բոլոր քաղաքացիներին՝ իրենց թեկնածությունը առաջադրել պատգամավորության թեկնածու:

Ալեք Ենիգոմշյանը նկատեց, որ պատմության ընթացքը շարունակում է մեզ սպառնալ նույնպիսի վտանգներով, ինչպես 1918-ին: Սակայն նաև շեշտեց. «Պարադոքս է այն, որ այսօր օբյեկտիվ գնահատմամբ ՀՀ-ն և հայությունը գտնվում են ավելի բարեբեր վիճակում, քան 1918-ի մայիսին: Ուրեմն ոչ անելանելի վիճակ, սակայն նույնպես ազգովին և պետականորեն վերանալու վտանգ: Այս պարադոքսի գաղտնիքը դեռևս ամբողջական ազգային գոյություն, ոգեղենություն դեռևս չգտնելու մեջ է մնում»:

Նախախորհրդարանի քարտուղարության համակարգող Ժիրայր Սէֆիլյանն իր ելույթում նշեց. «Մայիսի 28-ի խորհուրդը միշտ էլ առանձնահատուկ է եղել, սակայն համոզված եմ, որ սեպտեմբերի 3-ից հետո՝ ամիսներ առաջ, երբ գործող ռեժիմը արագ վազքերով սկսեց սլանալ դեպի Մաքսային միություն՝ նորացված ԽՍՀՄ, կարծում եմ, որ այսօրվանից ամեն օր մենք պիտի մայիսիքսանության տրամադրությունների մեջ լինենք, որ թույլ չտանք՝ պատմությունը կրկնվի»:

Այնուհետև պարոն Սէֆիլյանն անդրադարձավ սահմանում զոհերին ու շեշտեց. «Մենք մեր բանակը չենք ստեղծել խաղաղ պայմաններում ամեն օր զոհեր տալու համար: Ունենք այնպիսի կառավարման համակարգ, վերնախավ, որոնց մոտ մարդկային խիղճ հասկացությունը բացակայում է: Համոզված եմ, որ այսօրվա ռազմաքաղաքական ղեկավարության վեջը չէ մեր ամենօրյա զոհերը: Եթե խղճի նշույլ ունենային, այս քսան տարվա ընթացքում կգտնեին բազում մեխանիզմներ, որ սահմանում նման իրավիճակ չտիրեր»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031