Լրահոս
Օրվա լրահոսը

Բազմաբեւեռ աշխարհը Ուկրաինայի ընտրությունից հետո

Մայիս 28,2014 14:30

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարի շրջանակներում թեման քննարկում են հրապարակախոս Գուրգեն Եղիազարյանը եւ ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը:

Արամ Աբրահամյան.– Ուկրաինայում կայացած ընտրությունները օրինակա՞ն էին, Պորոշենկոն լեգիտիմ նախագա՞հ է, թե՞ ոչ:

Գուրգեն Եղիազարյան.- Իհարկե՝ ոչ, ինչպե՞ս կարող է մի նախագահ լեգիտիմ լինել, երբ այդ երկրի ամբողջ արեւելքով մեկ պատերազմ է գնում: Այսօր քաղաքացիական պատերազմ է Ուկրաինայում, այս պարագայում ինչպե՞ս կարող է ընտրության մասին խոսք լինել: Ընտրություններին մի ամբողջ հատված չի մասնակցել, հետեւաբար իրենք արդեն դե յուրե այդ հատվածը իրենցից անջատել են:

Թեւան Պողոսյան.– Ես համարում եմ՝ այո, լեգիտիմ նախագահ է Պորոշենկոն, որովհետեւ եթե պատկերացնենք տեսականորեն, որ այդ մարդիկ բողոքել են, նստել են խոհանոցում եւ չեն մասնակցել, այնուամենայնիվ՝ ամբողջ Ուկրաինայի 60 տոկոսից ավելի բնակչությունը մասնակցել է: Լեգիտիմությունը որոշում են իրենք` ուկրաինացիները: Երբ Ղարաբաղում ընտրություններ են լինում, ամբողջ աշխարհը չի ճանաչում, ասում է՝ լեգիտիմ չի եւ այլն, բայց լեգիտիմությունը գալիս է մարդկանց մասնակցության խնդրից: Կա մեծամասնության մասնակցություն, որտեղ մարդիկ ընդունում են, որ ընտրությունները եղել են լեգիտիմ, Պորոշենկոն ազնիվ անցել է: Այն մարդիկ, ովքեր իր հետ ընտրապայքարում էին, ընդունել են ընտրությունների արդյունքները, եւ նույնիսկ Յանուկովիչն է ողջունել, որ ուկրաինացի ժողովուրդը կատարել է իր ընտրությունը այս դժվար պայմաններում: Այնպես որ, ինձ թվում է` լեգիտիմությունը պետք է ճանաչվի:

Ա. Ա.– Եթե 35,5 մլն ընտրող կա Ուկրաինայում, իսկ Լուգանսկի, Դոնեցկի մարզերում եւ Ղրիմում՝ 6.700.000 ընտրող, ապա մեծամասնությունը, այնուամենայնիվ, իր ընտրությունը կատարել է:

Գ. Ե.– Հարցը թվաբանությունը չէ: Մի շարք երկրներում ես հիշում եմ, որ քաղաքացիական պատերազմի ժամանակ ընդհանրապես խոսք չի լինում ընտրությունների մասին, բայց քանի որ մենք ապրում ենք մի այլ իրականության մեջ…

Մինչեւ Ղրիմի միացումը Ռուսաստանին, ասեմ, որ մենք ապրում էինք միաբեւեռ երկրագնդում, երբ որ կար մի պետություն, գալիս էին այլ պետություններ, մի 100 տեղ դատարկ էր: Այս անգամ Ռուսաստանը թույլ չտվեց, որ նույնը կրկնվի, ինչ Հարավսլավիայում: 90-ականներին Ռուսաստանը շատ ու շատ խեղճացած եւ ծնկի իջած երկիր էր, Բորիս Նիկոլաեւիչին ինչ որ ասեին՝ անցնում էր: Այն, ինչ կատարվեց Հարավսլավիայում, այն ջարդը, մորթը, սպանդը, որ մինչեւ այսօր շարունակվում է, այն հանցագործ միավորումները, որոնք մինչեւ հիմա գործում են, այսպես ասած, ժողովրդավարությունը ներմուծելուց հետո. Հարավսլավիան բաժանեցին մասերի եւ ստեղծեցին Կոսովոն: Կոսովոն ընդունվեց թե Եվրոպայի կողմից, թե մնացյալ երկրների ու առաջինը` Միացյալ Նահանգների կողմից, բայց, չգիտես ինչու, նույն պարագայում Ղարաբաղը ոչ ոք չի ընդունում: Առաջին նախադեպը մեզ համար Ղարաբաղն էր, Կոսովոն ուրիշ խնդիր է, մենք շատ փոքր երկիր ենք, այսօր ընդհանրապես դերակատարություն չունենք, եւ մեր ձայնը չլսվեց… Ղրիմի ձայնը լսվեց, որովհետեւ հզոր Ռուսաստանն էր մեջքին կանգնած, Ղրիմում եղավ նույն պատմությունը, ինչ որ Կոսովոյում: Առաջին հերթին` դա մարդկանց բարի կամքի դրսեւորումն էր, ինչն ընդունված է միջազգային բոլոր նորմերով:

Ա. Ա.- Ղարաբաղ, Ղրիմ, Կոսովո, ինքնորոշման իրավունք եւ այլն:

Թ. Պ.– Աշխարհում կա ընդունված միջազգային նորմ ազգերի ինքնորոշման խնդրի շրջանակում, բնականաբար՝ հասկանում ենք, որ այլ երկրների կողմից ճանաչվել կամ չճանաչվելը միշտ մնալու է քաղաքական դաշտի խնդիր, մենք պետք է առաջնորդվենք մեր շահերից ելնելով: Ղարաբաղը իր ինքնորոշման իրավունքը ամբողջովին իրականացրել է համապատասխան բոլոր իրավական` այդ ժամանակ գործող օրենքների` այսօրվա դրությամբ կերտելով Արցախի Հանրապետությունը, ամեն օրով ապացուցում է, որ ինքը գոյություն է ունենալու: Վստահ եմ, որ աշխարհը անպայման Արցախը ճանաչելու է: Ժամանակային խնդիրը մի քիչ քաղաքական է, եւ այդտեղ մենք պետք է կարողանանք իսկապես մեր ողջ եռանդը ներդնել` հասնելու ճանաչմանը օր առաջ, շուտ կամ թե ուշ: Եթե նայենք Կոսովոյին, Հայաստանի համար շատ ժամանակ օգտակար է դա որպես նախադեպ: Ղրիմը լինելու է միշտ այն մարդկանցը, ովքեր որ այնտեղ բնակվելու են, եւ եթե իրենք գտնելու են, որ իրենց խնդիրը ավելի լավ է լուծվում Ռուսաստանի հետ, դա, բնականաբար, ժամանակի ընթացքում աշխարհը ընդունելու է: Եթե զգան, որ իսկապես Ուկրաինան ավելի լավ պայմաններ է առաջարկում, չեմ զարմանա, որ վաղը լինի նորից հանրաքվե, եւ Ղրիմը իր խնդիրը կարողանա լուծել:

Քննարկումն ամբողջությամբ`

Պատրաստեց
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

Bac_2
«Դեմ առ դեմ» հաղորդաշարը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կողմից: Սույն հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները եւ վերլուծությունները արտահայտում են մասնակիցների կարծիքը եւ հաստատված չեն Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կամ նրա խորհրդի կողմից։ Սույն հաղորդման պատրաստումը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ ԶԼՄ-ների աջակցման ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N18624։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031