Լրահոս
Օրվա լրահոսը

Տերյանը դեռ չէր մահացել, երբ Միկոյանը ոչնչացրեց նրա կյանքի գործը. «Հրապարակ»

Մայիս 28,2014 10:30

Վահան Տերյանի՝ «Հայաստանի կոմունիստական կուսակցություն» կազմակերպությունից դուրս գալու մասին դիմումից պարզվում է, որ 1919 թվականի մայիսին Ռուսաստանի կոմկուսի կենտկոմը որոշում է կայացրել աշխատանքից հեռացված, տուբերկուլյոզով հիվանդ Տերյանին ուղարկել ռազմաճակատ։

Հետո, երբ բացահայտվել է այդ որոշման անհեթեթությունը, Գուրգեն Հայկունու առաջարկով կայացվել է Տերյանին Ղրիմ ուղարկելու մասին որոշում։
Ի վերջո, Ստալինը գտել է Տերյանից ազատվելու ձեւը՝ նրան «գործուղել են Պարսկաստան եւ Թուրքիա՝ Թուրքեստանով»։ «Ժողովուրդների հայրը», ըստ երեւույթին, հաշվարկել էր, որ պոետին չի հաջողվի դիմանալ ճանապարհի դժվարություններին։ Չէ՞ որ տուբերկուլյոզով հիվանդ Տերյանի համար դա իսկական մահվան ճամփա էր, քանի որ իրականում Թուրքեստան տանող ճանապարհ այդ օրերին գոյություն չուներ, փակ էր՝ քաղաքացիական կռիվների պատճառով, իսկ վագոնները չէին տաքացվում։
Այդպես էլ եղավ. 1920 թվականի հունվարի 7-ին Վահան Տերյանը վախճանվեց ճանապարհին՝ ձյունածածկ Օրենբուրգում։

Բայց պոետը դեռ չէր հասցրել մահանալ, երբ 1919 թվականի դեկտեմբերին Անաստաս Միկոյանը սպանեց Տերյանի կյանքի գործը։ Այդ օրերին Լենինին հասցեագրված «Կովկասյան հարցի շուրջ» իր զեկույցի թեզիսներում նա գրում է. «Մեծագույն սխալ էր Թուրքահայաստանի ինքնուրույնության մասին Սովետական Ռուսաստանի դեկրետը (1917 թ.)… Պետք է ընդունել, որ… Թուրքահայաստանի մասին գաղափարը վնասակար, հանցագործ եւ ռեակցիոն ցնորք է, որի դեմ պետք է պայքարի մեր կուսակցությունը…»։
Միկոյանը սպանեց այն, ինչի ակնկալիքով Վահան Տերյանն անդամակցել էր բոլշեւիկյան կուսակցությանը՝ իր հայացքներով չլինելով կոմունիստ։ Այն, ինչի իրականացման համար Տերյանը մերժել էր դաշնակցական ականավոր գործիչ, բժիշկ Հակոբ Չավրիեւի առաջարկը՝ հեռանալ սոված ու ցուրտ Մոսկվայից եւ բուժվել Եվրոպայում։ Մերժել էր, որպեսզի շարունակի պայքարել Հայկական հարցի արդար լուծման համար։ Բայց անհավասար պայքարում Տերյանը պարտություն կրեց…

Գրիգոր ԷՄԻՆ-ՏԵՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031