Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ն ընդունո՞ւմ է ԲՀԿ-ի լիդերությունը քառյակում. «Ժամանակ»

Մայիս 28,2014 10:17

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:

– Տիկին Սարգսյան, ԲՀԿ ներկայացուցիչը հայտարարեց, որ քառյակը դեմ է քվեարկելու 2013թ. բյուջեի կատարողականին, նախորդ անգամ էլ էլի ԲՀԿ ներկայացուցիչն էր ասում, որ Հովիկ Աբրահամյանի կառավարության ծրագրի քվեարկությանը քառյակը չի մասնակցելու: Մտավախություն չունե՞ք, որ ԲՀԿ-ն փորձում է ուղղորդել քառյակին:

– Գիտեք, ես էդպես չէի մեկնաբանի, որովհետև ես գիտեմ քննարկումների ընթացքի մասին, գիտեմ ամեն մեկի վերապահումները, մոտեցումները, պրոբլեմները: ԲՀԿ-ն, որպես առանձին քաղաքական միավոր, իր տեսակետն է արտահայտում, իսկ թե ինչու է այսօր այդ տեսակետը էլի ԲՀԿ կողմը ներկայացրել, որքան հասկացա այսօր ԲՀԿ-ում է տեղի ունեցել հանդիպումը, և ԲՀԿ-ն որպես քառյակին ընդունող տանտեր, ներկայացրել է իր մոտեցումները, և ես էդտեղ արտառոց բան չեմ տեսնում:

Ինչ վերաբերում է տպավորությանը, որ ԲՀԿ-ն քառյակին տանում է, ես չեմ կարծում, որ նման հնարավորություն կամ ցանկություն ԲՀԿ-ն ունի: Էդտեղ շատ տարբեր քաղաքական ուժեր են ձևավորված: Առավել ևս ՀԱԿ-ում մի քանի կուսակցություններ են: Էդպես միակողմանի նայելը հարցին, կարծում եմ, ճիշտ չի, առավել ևս, որ մեզ մոտ բոլոր հարցերը քննարկվում են, մենք փոխհամաձայնեցնում ենք: Եթե համաձայն չենք, այդ մասին տեղյակ ենք պահում, որից հետո քառյակը նորից է հանդիպում և քննարկում արդեն ստեղծված վիճակը: Ինչ վերաբերում է կառավարության ծրագրի քվեարկությանը, էստեղ որևէ արտառոց բան չեմ տեսնում, որովհետև ես գտնում եմ, որ ավելի լավ է համատեղ չքվեարկենք, քան եթե կան մտավախություններ, որ տարբեր քվեարկություններ կլինեն…, քառյակը կարողանում է հասնել նրան, որ համատեղ որոշումներ կայացնելով համատեղ գործողություններ են իրականացնում:

– Իսկ չստացվե՞ց այնպես, որ Հովիկ Աբրահամյանի կառավարության ծրագրի քվեարկության ժամանակ որևէ քաղաքական ուժ դեմ չքվեարկեց ծրագրին՝ ԲՀԿ ուղղորդմամբ:

– Բացարձակ էդ կարծիքին չեմ: Չքվեարկելը նաև դեմ քվեարկություն կարելի է դիտարկել, որովհետև մինչ քվեարկելը ամեն խմբակցություն հայտնեց իր տեսակետը, որ մենք դեմ ենք կառավարության ներկայացրած ծրագրին: Էսպես, թե էնպես, դեմ կարծիքն արտահայտվել է և չի նշանակում, որ մենք դրանով օժանդակել ենք: Մենք մեր նախնական հայտարարությունն արել էինք, որ մեզ համար ընդունելի չէ որևիցե ծրագիր, որ կներկայացնի կառավարությունը՝ չունենալով որևիցե հիմք այդ ծրագրին վստահելու: Իսկ ԲՀԿ-ն ունի բավական մեծ թվով պատգամավորներ, որոնք հավանաբար ունենում են նաև այլ կարգի մոտեցումներ, ինչը երևի թե ԲՀԿ-ի ներսում կարող է ինչ-որ խնդիրներ էլ առաջացնել: Ես դա ընդամենը ենթադրում եմ: Եվ ԲՀԿ-ն չէր կարող երբևիցե ո՛չ ՀՅԴ-ին, ո՛չ «Ժառանգությանը», ո՛չ ՀԱԿ-ին պարտադրել կամ ուղղորդել, որ մենք իրենց հետ համատեղ բոյկոտեինք կառավարության ծրագիրը, եթե մենք էդ համաձայնության չգայինք:

Մարինե Խառատյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031