Լրահոս
Օրվա լրահոսը

Նեղացած զանգվածի երկիր

Մայիս 28,2014 12:45

Ապաշխարանքից դեռ շատ հեռու ենք

1986 թվականին ես «Նաիրի» կինոթատրոնում դիտեցի Թենգիզ Աբուլաձեի «Ապաշխարում» ֆիլմը: Ասել, որ այն ինձ վրա անջնջելի տպավորություն է թողել, չեմ կարող՝ պարզ է, որ դա կինեմատոգրաֆիայի առումով գլուխգործոց չէ: Բայց հասարակական կյանքի վրա այդ ֆիլմը մեծ ազդեցություն թողեց: Կինոնկարը սկզբում ուզում էին արգելել, հետո, ասում են, Գորբաչովի անձնական միջամտությամբ թույլատրեցին: Հետագայում էլ շատերը կարծիք էին հայտնում, որ ֆիլմը խեղաթյուրում է խորհրդային պանծալի պատմությունը: Ժամանակակից Ռուսաստանում, կարծում եմ, նման կինոնկարի ցուցադրումը չէր խրախուսվի՝ որպես հերոսական անցյալի վրա «ստվեր գցող»:

Իսկ «վերակառուցման» համար այն կարեւոր էր, որովհետեւ առանց ապաշխարանքի հնարավոր չէ առաջ գնալ: Իհարկե, ոչ Գորբաչովի ժամանակ, ոչ էլ հետագայում՝ անկախ Ռուսաստանի տարիներին, ոչ մի ապաշխարանք էլ տեղի չունեցավ, եւ պուտինյան այսօրվա պաշտոնական գաղափարախոսությունը, որն, ըստ էության, արդարացնում է բոլշեւիկների հանցագործությունները, դրա վառ ապացույցն է:

Սոլժենիցինի «Արշիպելագ Գուլագ» գրքում մի թիվ կա, որը վերջերս հիշեցրել է ռուսաստանցի հրապարակախոսներից մեկը՝ 1966 թվականին, պատերազմի ավարտից 20 տարի անց, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում դատապարտվել է 86 հազար նացիստական հանցագործ: Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում 86 հազար անգամ գերմանական դատարանը հաստատել է, որ այն, ինչ արել են նացիստները, հանցագործություն է: Կարծում եմ, որ հենց այդ հետեւողականության պատճառով էլ Գերմանիան այսօր դարձել է աշխարհի ամենահեղինակավոր երկրներից մեկը եւ տնտեսական առումով Եվրոպայի ամենահզոր երկիրը:

Ռուսաստանում բոլշեւիզմը չդատապարտվեց, հանցագործություններն իրենց անունով չկոչվեցին, երկիրը գնաց բոլորովին այլ ճանապարհով՝ ձեւավորել ոչ թե իրար հետ համագործակցող անհատների, քաղաքացիների հասարակություն, այլ գորշ մի զանգված, որի գլխավոր շարժիչ ուժը նեղացածությունն է, այդ թվում՝ 90-ականների սկզբին «սառը պատերազմում» կրած պարտությունից: Ճիշտ նույն նեղացածությունն էին 1930-ականներին շահագործում գերմանացի նացիստները՝ «մեզ հաղթել են Առաջին աշխարհամարտում, մեզ ստորացրել են, բայց հիմա մենք ծնկներից վեր կկենանք եւ բոլորից վրեժ կլուծենք»: Նեղացած մարդը կամ ազգն ունի զանազան մտասեւեռումներ, այդ թվում՝ որ նա շրջապատված է թշնամիներով:

Մեր երկիրը, գտնվելով Ռուսաստանի մեծ ազդեցության տակ, նույնպես չի ազատվել բոլշեւիկյան անցյալից՝ նույնիսկ ուզում ենք ստալինան ռեպրեսիաների կազմակերպիչներից մեկի արձանը դնել: Անցյալի հանցագործություններից ձերբազատվելու համար ոմանք առաջարկում էին «լյուստրացիա», բայց դա, ինձ թվում է, ծայրահեղական քայլ է: Դատեր կազմակերպելն էլ է ուշ: Բայց պաշտոնական մակարդակով հանցագործությունները գոնե բարոյապես դատապարտելը երբեք էլ ուշ չէ:
Այս ամենը միայն առաջին հայացքից է թվում հեռու ժամանակներին վերաբերող զուտ տեսական խնդիր: Բանն այն է, որ նույն «նեղացած զանգվածը» ձեւավորվել է նաեւ Հայաստանում, իսկ նրա հիմնական հատկությունն է ուժի, բռնության նկատմամբ ակնածանքը եւ հանցագործությունների հանդեպ անտարբերությունը, երբեմն նույնիսկ՝ արդարացումը: Հայաստանում այդ զանգվածը 24 տարի ատելությամբ է լցված իշխանությունների հանդեպ (նրանց հասնում է), բայց վաղը եթե իշխանության գա Պուտինի նման գործիչ, նա կկարողանա զանգվածի «նեղացածությունը» շրջել որեւէ ներքին կամ արտաքին թշնամու դեմ: Դրա վերջն, իհարկե, վատ կլինի:

24 տարում անկախ Հայաստանում կատարված բազմաթիվ հանցագործություններից երկուսը ծանր քարերի նման ընկած են մեր զարգացման ճանապարհին՝ «հոկտեմբերի 27»-ը եւ «մարտի 1-ը»: Դրանց կազմակերպիչները չեն դատվել, երկրորդ դեպքում չեն դատվել նաեւ կատարողները: Ինչպե՞ս է վերոհիշյալ զանգվածը վերաբերվում վերոհիշյալ հանցագործություններին: «Մարտի 1»-ը դատապարտում է, որովհետեւ ակնհայտ է՝ հանցագործությունը կատարել է իր ատելի իշխանությունը: Իսկ «հոկտեմբերի 27»-ը: Չե՞ք լսել՝ «բա ճիշտ են արել, իմ ձեռն էլ մի հատ ավտոմատ լինի, նույնը կանեմ»: Ջայլամի կեցվածք պետք չէ ընդունել՝ «նեղացած զանգվածն» այդպես է մտածում: Հեռու չգնանք՝ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն է ասում, որ եթե իրեն փողոցում նեղացնեին՝ նա նույնպես, Յուվեցու փեսայի նման, կհաներ ատրճանակը եւ կսկսեր աջուձախ կրակել:
Ապաշխարանքն, այդպիսով, շատ հեռու է: Գիտե՞ք՝ երբ է այն գալու: Երբ 20 կամ 30 տարի հետո որեւէ նախկին նախագահ հայտարարի. «Ես հանցագործություն եմ կատարել, կեղծել եմ ընտրությունները, խնդրում եմ ինձ դրա համար դատել, բայց եկեք դա այլեւս երբեք չանենք»: Այդ ժամանակ երկիրը կփոխվի:

Հիշո՞ւմ եք՝ «Մենք ենք մեր սարերը»՝ «Գողությու՛ն ենք արել»: Այդին Մորիկյանն ասում էր, որ Հրանտ Մաթեւոսյանի մոտ մեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները կան: Պարզապես պետք է ուշադիր կարդալ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.05.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գալուստ Ենոքյան says:

    Լիովին համաձայն եմ Արամ, բավական ինքնատիպ եվ հետաքրքիր վերլուծություն էր…Ցավոք մենք Հրանտ Մաթեվոսյանի աստճանի մտածող գրողներ չունեցանք վերջին 20 տարում որ օգնեին մեր հասարակությանը իրենց գեղարվեստական «վերլուծություններով», ձեվավորեին նոր ազգային մտածողություն, ազատ ու անկախ դատելու մտածողություն, նոր բարձր գեղարվեստական եվ բարոյական արժեներ…Ռուսաստանի պատմության ճորտատիրական ստրկատիրական շրջանի ծանր հետքը մարդկանց հոգեբանության եվ զոմբիացման առումով դեռ բավական երկար ժամանակ
    կդրսեվորվի այդ ժողովրդի կենսաձեվի մեջ եվ ցավոք դեր կունենա նաեվ մեր ժողովրդի մտածողության վրա…

Պատասխանել