Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երեք պատմություն

Մայիս 28,2014 14:13

«Երեկ «Պապլավոկում» Վանո Սիրադեղյանն էր նստած, երկու ընկերների հետ վիսկի էր խմում». ո՞վ չի լսել նման պնդումներ: Ու բոլորս շատ լավ գիտենք, որ վիճելն անիմաստ է: Մարդը տեսել է, ու վե՛րջ:

Աշխարհում վաղուց արդեն պտտվում են բազմաթիվ պատմություններ, որոնք անվանվում են քաղաքային կամ ժամանակակից առասպելներ: Ու ոչ ոք հաստատ չի կարող պնդել՝ արդյո՞ք հավաստի են այդ պատմությունները, թե՞ ծայրից ծայր հորինված:
Ճշմարտությունը, երեւի, ինչպես միշտ, մեջտեղում է՝ ինչ-որ նման բան եղել է, բայց հետո ճոխացվել, զարդարվել բազմաթիվ անիրական մանրամասներով եւ դարձել գարեջրի սեղանի շուրջ ընկերների հետ կիսվելու հրաշալի նյութ: Ընդ որում, եթե փորձեք թերահավատության նշաններ ցույց տալ, անմիջապես կհետեւի անառարկելի փաստարկը՝ «Գնա Համոյին հարցրու՝ սեփական աչքով է տեսել»…
Համենայնդեպս, պերուացիները, ամերիկացիները եւ իռլանդացիները հավատում են, որ այս երեք պատմությունները, որոնցում ողբերգությունն ու սարսափը միախառնվում են զավեշտին, միանգամայն իրական են:

* * *
45-ամյա Պեդրոն, որն ապրում էր Լիմայի արվարձանում, գրեթե երջանիկ էր: Գրեթե՝ որովհետեւ կինը կակազում էր: Բժիշկները վաղուց արդեն ընդունել էին իրենց անզորությունը, եւ Պեդրոն որոշեց փորձել ժողովրդական մեթոդը՝ մի լավ վախեցնել կնոջը:
Կինը վախկոտներից չէր, եւ պերուացին որոշեց դիմել ծայրահեղ միջոցի՝ կախվել: Պարզ է, որ իրականում չէր կախվելու. առաստաղի ջահին ամրացրած պարանն անցկացրեց ոչ միայն պարանոցով, այլեւ գոտկատեղով, հետո ոտքով հրեց աթոռը եւ մնաց սենյակի մեջտեղում կախված: Շուկայից վերադարձած կինը ներս մտավ, ճիչը մնաց կոկորդում, միանգամից ուշաթափվեց ու ընկավ հատակին:

Պեդրոն արդեն ուզում էր ազատվել պարանից, եւ այդ պահին դուռը, որը կինը չէր հասցրել փակել, բացվեց եւ ներս մտավ հարեւանուհին՝ 85-ամյա մի պառավ: Պեդրոն հասկացավ, որ բարդություններ են առաջացել՝ պառավը հիմա կզանգահարի շտապօգնություն եւ ոստիկանություն, ու շատ դժվար կլինի բացատրել կատարվածը:

Բայց պառավը բոլորովին էլ զանգահարելու մտադրություն չուներ: Տեսնելով, որ Պեդրոն կախված է առաստաղից, իսկ նրա կինն անգիտակից վիճակում պառկած է հատակին, պառավը մոտեցավ պահարանին եւ սկսեց քրքրել դարակները: «Սրիկան գիտի, թե որտեղ ենք պահում փողերը», միանգամից հասկացավ Պեդրոն:

Պառավն իրոք գտավ այն տուփը, որտեղ դրված էր փողը, վերցրեց եւ ուղեւորվեց դեպի դուռը: Երբ անցնում էր Պեդրոյի մոտով, վրդովված պերուացին չդիմացավ եւ ոտքով ուժեղ հարվածեց պառավի հետույքին: Պառավն անշունչ ընկավ հատակին՝ սրտի կաթված էր ստացել:

Երբ Պեդրոն վերջապես ազատվեց պարանից ու մոտեցավ կնոջը, նա բացեց աչքերը եւ հստակ արտասանեց՝ «Պեդրո, դու ողջ ես…»: Պեդրոն երջանիկ էր՝ կինն այլեւս չէր կակազում:

* * *
2001 թվական, 11-ը սեպտեմբերի… Երեւի կարիք չկա հիշեցնելու, թե ինչ օր է: Ֆրեդ Մըքենզին աշխատում էր Մորգան-Սթենլի ընկերությունում, որը գտնվում էր այդ օրը փլուզվելիք երկվորյակ երկնաքերներից մեկում:

Վաղ առավոտյան Ֆրեդը համբուրեց կնոջը, դուրս եկավ տանից եւ ուղեւորվեց աշխատանքի: Իրականում նա միանգամից աշխատանքի գնալու մտադրություն չուներ, որոշել էր ուշանալ, բայց անպայման այցելել սիրուհուն:

Երբ մտավ սիրուհու բնակարանը, անմիջապես անջատեց բջջայինը, որպեսզի ոչ ոք չխանգարի…

Ահաբեկիչները երկու ինքնաթիռ մխրճեցին նյույորքյան երկնաքերների մեջ, որոնցից մեկում աշխատում էր Ֆրեդը: Ողջ աշխարհը սարսափով հետեւում էր ողբերգությանը… Ողջ աշխարհը, բայց ոչ՝ Ֆրեդը եւ նրա սիրուհին:

Ֆրեդի կինը խելագար հայացքով նայում էր հեռուստաէկրանին եւ դողացող մատներով անընդհատ հավաքում էր ամուսնու հեռախոսահամարը: Հեռախոսը չէր պատասխանում…
Վերջապես Ֆրեդը եւ նրա սիրուհին վեր կացան անկողնուց, հագնվեցին, Ֆրեդը միացրեց բջջայինը, անմիջապես լսվեց կնոջ հիստերիկ ձայնը՝ «Ֆրեդ, դու ո՞ղջ ես, որտե՞ղ ես…»:
«Ինչպե՞ս թե որտեղ եմ: Անուշիկս, իհարկե, աշխատանքի վայրում եմ, նստած աշխատում եմ… Իսկ ի՞նչ է պատահել»…

* * *
Դուբլինի համալսարանի ուսանող Ջոն Բրեդֆորդը քայլում էր անտառով անցնող ճանապարհով, երբ հանկարծ հորդառատ անձրեւ սկսվեց: Մութ էր: Ոտքից գլուխ թրջված Ջոնը փորձում էր կանգնեցնել ավտոմեքենաները, բայց ոչ մեկը չէր կանգնում:
Վերջապես երեւաց շատ դանդաղ ընթացող մի ավտոմեքենա, որը կանգնեց հենց Ջոնի կողքին: Առանց երկար մտածելու՝ Ջոնը բացեց դուռը, նետվեց մեքենայի նստարանին, եւ մեքենան սկսեց շարժվել: Ուսանողն ուզում էր շնորհակալություն հայտնել վարորդին, բայց… ղեկին ոչ ոք չկար: Մեքենայում ընդհանրապես մարդ չկար, բայց այն շարժվում էր: Ընդ որում, շարժիչը միացրած չէր, իսկ մեքենան գնում էր… Ջոնը վախեցավ: Առջեւում ոլորանն էր, եւ եթե մեքենան չթեքվեր, ընկնելու էր ձորը: Իսկ ղեկին մարդ չկար: Սարսափած ուսանողն արդեն ուզում էր բացել դուռը եւ դուրս թռչել ընթացող մեքենայից:
Եվ այդ պահին պատուհանից հանկարծ մի ձեռք հայտնվեց, բռնեց ղեկը եւ պտտեց այն: Ջոնը նստարանին քարացել էր… Մեքենան հաղթահարեց ոլորանը եւ շարունակում էր դանդաղ շարժվել առաջ: Խորհրդավոր ձեռքը, առանց որեւէ վնաս պատճառելու Ջոնին, անհետացավ:

Երբ առջեւում երեւացին ճամփեզրին գտնվող փաբի լույսերը, ուսանողն անմիջապես դուրս թռավ ավտոմեքենայից եւ վազեց դեպի գարեջրատունը: Ներս մտավ: Մի քանի հաճախորդ էր նստած: Ջոնը սկսեց դողացող ձայնով պատմել իր հետ պատահածը: Ներկաները սկզբում կարծեցին, թե նա պարզապես շատ է կոնծել, բայց երբ հասկացան, որ Ջոնը լիովին սթափ է, սկսեցին բերանները բացած լսել նրա անհավանական պատմությունը:
Այդ պահին դուռը բացվեց եւ ներս մտավ երկու թրջված տղամարդ: Նրանցից մեկը հանկարծ նկատեց Ջոնին, ուշադիր նայեց նրան ու ասաց ընկերոջը՝ «Լսիր, սա կարծես թե հենց այն ապուշն է, որը նստեց մեր մեքենան, երբ մենք այն հրում էինք»…

ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

27.05.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031