Լրահոս
Օրվա լրահոսը

«Невыездной» էի, չգիտեմ՝ որ հանցանքիս համար»

Մայիս 28,2014 14:00

Տիգրան Մանսուրյանի հոբելյանական խոհերը

Այս տարին հոբելյանական է մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի համար: Նա դարձել է 75 տարեկան: Մայիսի 29-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայանալիք համերգը նվիրված է կոմպոզիտորի հոբելյանին: Ավելի վաղ, մաեստրոյի 75-ամյակը նշվել է Լոս Անջելեսի Zipper Hall-ում եւ UCLA համալսարանի համերգասրահում:

«Առավոտի» հետ զրույցում նա տեղեկացրեց, որ երեւանյան համերգում առաջին անգամ կհնչի Բաղդասար Դպիրի, Չարենցի, Իսահակյանի, Վահան Տերյանի երկուական բանաստեղծությունների հիման վրա գրված «Զուգահեռ երգեր» երգաշարը՝ ձայնի, դաշնամուրի եւ լարային նվագախմբի համար: Կկատարվեն «Տարվա եղանակները» (բանաստեղծական տեքստը ժողովրդական է), Ջութակի առաջին կոնցերտը եւ Չարենցի ու Իսահակյանի ստեղծագործություններով երգչախմբի համար գրված երկերից՝ հատվածներ: Կատարողներն են Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Կամերային երգչախումբը, մենակատարները՝ Անուշ Նիկողոսյան (ջութակ), Իրինա Զաքյան (վոկալ), Արթուր Ավանեսով (դաշնամուր): Համերգը կղեկավարի դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը: Կոմպոզիտորը հավելեց, որ աշնանը հոբելյանական երեկո է նախատեսված նաեւ Մոսկվայում:
Մանսուրյանի արվեստը վաղուց նույնիսկ լայն լսարանին ներկայացնելու հարկ չկա, այդ թվում՝ արտերկրյա, եւ սա այն դեպքում, երբ ժամանակին կոմպոզիտորը թեեւ հայտարարված էր «невыездной», սակայն նրա գործերը մշտապես կատարվում էին Արեւմուտքում: «Չգիտեմ՝ ո՞ր հանցանքիս համար… Նույնիսկ զրկված էի Փարիզում բնակվող քրոջս այցելելուց: Բայց այսօր ուրախ եմ, որ ունեցել եմ այդ «փակ» տասը տարիները՝ 1980-ից մինչեւ 90-ականների սկիզբը»,- նշեց մաեստրոն: Ապա հավելեց. «Невыездной» «կոչումը» նույնիսկ ինչ-որ տեղ զարդարում է կենսագրությունս»: Իր որոշ կոլեգաների այն դիտարկմանը, թե ի տարբերություն խորհրդային տարիների՝ մշակույթում ներդրվող գումարներն անհամեմատ նվազել են, պարոն Մանսուրյանն ասաց. «Միայն այն փաստը, որ անկախությունից հետո, բացի կատարողական արվեստի ներկայացուցիչներից, երիտասարդ կոմպոզիտորներն էլ կարող են մասնակցել միջազգային հեղինակավոր մրցույթներին, արդեն ազատության ու գործունեության լայն դաշտի վկայություն է»:

Անվանի կոմպոզիտորը նշեց, որ տարբեր երկրների երաժշտական կոլեկտիվների պատվերով ստեղծագործություններ է գրում, Գերմանիայում էլ հրատարակվում: Հայտնեց, որ անցյալ տարի, վերջապես, ՀՀ մշակույթի նախարարության շնորհիվ Հայաստանում հրատարակվել է իր երկերի առաջին ժողովածուն, մինչեւ տարեվերջ կլինի նաեւ երկրորդը: «Պայմանագիր ունեմ գերմանացի հրատարակչի հետ, որ պարտավորված եմ առաջինը իրենց ներկայացնել նոր ստեղծագործություններս: Երբեմն էլ նրանք դժվարանում են հայ պոեզիայով երկերս հրատարակել, ինչն էլ իրականացնում եմ այստեղ: Մշտապես նոր պատվերներ ունեմ, իսկ Հայաստանում առայժմ չեմ ստացել ոչ մի առաջարկություն, սակայն դա չի նշանակում, որ չեմ համագործակցում մեր ստեղծագործական կոլեկտիվների հետ»,- նշեց արվեստագետը:

Համակարծի՞ք է հաճախ «շեփորվող» այն մտքին, թե ավելի շատ մեր արվեստով պետք է ներկայանանք աշխարհին, մաեստրոն պատասխանեց. «Այսօր մեծ թվով երիտասարդ երաժիշտներ, այդ թվում՝ կոմպոզիտորներ, սովորում են արեւմտյան հաստատություններում: Ոմանք գործունեություն են ծավալում միայն հայ համայնքի ներսում, ոմանք՝ համայնքից դուրս: Մի քանի օրից Երեւանում կներկայանա Ֆրանսիայում ապրող ու ստեղծագործող երիտասարդ կոմպոզիտոր Միքայել Պետրոսյանը, որն անցյալ տարի Եղիսաբեթ թագուհու մրցանակ շահեց: Նշեմ, որ Միքայելի նման շատերը ուսումը սկսել են Երեւանում, հետո հաջողությունների հասել «դրսում»: Սա խոսում է մեր կատարողական, կոմպոզիտորական, մանկավարժական բարձրակարգ դպրոցի մասին: Հայկական երաժշտությունը մշտապես հնչել է արտերկրում: Իսկ եթե ոչ միայն ես, այլեւ իմ որոշ կոլեգաներ ունենում են պատվերներ Արեւմուտքից, նշանակում է՝ մենք մեր տեղն ունենք աշխարհի երաժշտական քարտեզի վրա…»:

Դիտարկմանն էլ, թե լավ կլիներ, որ հայաստանցի արվեստագետների համար ստեղծվեն նպաստավոր պայմաններ, նրանք ապրեն ու ստեղծագործեն հայրենիքում, Տիգրան Մանսուրյանը պատասխանեց. «Արամ Խաչատրյանը ապրում ու ստեղծագործում էր Մոսկվայում, Վիլյամ Սարոյանը՝ լինելով ամերիկացի գրող, կյանքի գերակշիռ մասն անցկացրել է Փարիզում, ԱՄՆ-ում ճանաչված ջազմեն Տիգրան Համասյանն, օրինակ, Հայաստանում է ապրում, ջութակահար Սերգեյ Խաչատրյանը՝ Գերմանիայում… Այնպես որ՝ դուք հետեւություն արեք»: Կոմպոզիտորը, թերեւս, նկատի ուներ այն, որ հայազգի ստեղծագործողը, եթե չի հեռանում ակունքներից, դրսում ստեղծագործելով էլ կարող է քարոզել Հայաստանը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում` Կոմպոզիտորը՝ քրոջ՝ երգչուհի Արաքս Մանսուրյանի հետ:

«Առավոտ» օրաթերթ

27.05.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031