Ո՞վ կլինի սպորտի նոր փոխնախարարը
Յուրի Վարդանյանի պաշտոնանկությունից հետո սպասելի էր, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում նույնպես որոշակի կադրային փոփոխություններ կկատարվեն: Սակայն նորանշանակ նախարար Գաբրիել Ղազարյանը (նկարում՝ ձախից) իր նախորդի հետ աշխատածների կամ եկածների «ջարդ» չի կազմակերպում: Գրեթե բոլորը մնացել են իրենց գործին: Միակ նկատելի փոփոխությունը, որ այս գրեթե մեկ ամսում կատարվել է նախարարությունում, այն է, որ վարչության պետերից մեկը դարձել է նախարարի խորհրդական: Այսինքն, աշխատանքից չի ազատվել:
Ըստ ամենայնի, նոր նախարարը գերադասում է ծանոթանալ վերջին մեկ տարում առանցքային պաշտոններ զբաղեցրած աշխատակիցների գործունեությանը եւ եթե հընթացս փոփոխությունների հարկ լինի, դրանք կատարել աստիճանաբար, հնարավորինս անցավ՝ տեղ տալով բանիմաց մարդկանց, որոնք իսկապես օգտակար կարող են լինել հայկական սպորտին:
Նախարարությունում առաջին լուրջ կադրային փոփոխության սկիզբը դրվեց երեկ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Նազարեթ Մնացականյանն ազատվեց աշխատանքից:
Ո՞վ կնշանակվի նոր փոխնախարար: «Առավոտի» տեղեկություններով, ամենայն հավանականությամբ, այդ պաշտոնին նշանակվելու է ՀԱՕԿ-ի նախագահի գլխավոր խորհրդական, սպորտի ոլորտի բազմափորձ աշխատող Արտաշես Նազարյանը:
Կարդացեք նաև
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
27.05.2014