«Այաս» ռոք խմբի հիմնադիր, «Ասպարեզ» խմբի անդամներից երաժիշտ, կոմպոզիտոր Արթուր Միտինյանը վստահ նշում է. ծննդյան առաջին իսկ օրվանից գիտեր, որ երաժիշտ է դառնալու և երբևէ ուրիշ մասնագիտություն ձեռք բերելու մասին չի մտածել:
Այսօր երաժիշտը երեկույթ-հանդիպում ունեցավ ռոքասեր երկրպագուների հետ՝ «Նարեկացի»արվեստի միության կենտրոնում: Արթուրն արդեն տասը ամիս է, ինչ Հայաստանում է: Մինչ այդ երկար ժամանակ Ռուսաստանում էր ապրում ու ստեղծագործում, իսկ հայրենիք վերադառնալու «պատճառը»շուտով բեմադրվելիք ռոք օպերան է, որը ստեղծվել է Նար-Դոսի հանրահայտ «Ես և Նա»ստեղծագործության հիման վրա: Ռոք օպերայի պրեմիերան կկայանա հունիսի 14-ին և 15-ին, իսկ մինչ բեմելը Արթուրը անկեղծ զրույցի բռնվեց դահլիճում հավաքվածների հետ. «Ես երբեք չեմ կենտրոնանում մրցանակների ու դժվարությունների վրա: Ուղղակի աշխատում եմ ու փորձում վերարտադրել այն երաժշտությունը, որը ներսումս է հնչում: Մրցանակները երկրորդական են, իսկ դժվարություններ բոլորն էլ ունենում են: Ոգեշնչման պակաս նույնպես չեմ ունենում: Ինձ համար խնդիր է միայն այն, որ, օրինակ, «Ես և Նա»ռոք օպերայի այս-այս հատվածի համար մի քանի տարբերակ եմ գրում, հաճախ նույնիսկ տասից ավելի, ու հետո չեմ կարողանում կողմնորոշվել՝ որն է ավելի լավը, որը պետք է օգտագործել: Համառում եմ այնքան, մինչև որ կստեղծեմ լավագույն օրինակը»:
Արթուրը դասական երաժշտության մեծ սիրահար է. ռոքն ամենամոտն է դասականին, ու տվյալ երաժշտական ճյուղը խոր գիտելիքներ է պահանջում:
Երաժիշտը երևանյան կյանքի ժլատ, բայց գունեղ խոսեց. տանը սև կատու ունի, որն ակտիվ մասնակցություն է ունենում երաժշտություն գրելիս, և ճանապարհը կտրելու փոխարեն միայն ոգեշնչում է հեղինակին: Հարևաններից էլ չի դժգոհում. իր անվերջ պարապմունքներից բողոքելու փոխարեն շնորհակալություն են հայտնում ու հաճախ հյուր գալիս՝ վերջին ստեղծագործությունները լսելու համար: Ամբողջ շենքը, ուզի թե չուզի, ռոք է լսում ու կամաց-կամաց արդեն նաև սիրում:
Կարդացեք նաև
Արթուր Միտինյանը հավաքվածներին առաջարկեց փոքրիկ փորձ կատարել. ցանկացողներից որևէ մեկը թող նստի դաշնամուրի առջև ու ինչ-որ եղանակ նվագի: Հետո Արթուրը այդ մի քանի նոտան օգտագործելով՝ երաժշտական ամփոփ գործ կստեղծի, իմպրովիզացիա կանի…Արթուրն այդպիսի երեք գործ նվագեց, երեքն էլ տարբեր ու գեղեցիկ, կախարդիչ՝ լի ռոքային «փափուկ»ակորդներով ու ազդեցիկ հնչողությամբ: Կատարումներից մեկի ժամանակ Արթուրին միացավ հանդիսատեսի շարքերում նստած մի երգչուհի , ով Արթուրի նվագակցությամբ հյուրերին վոկալիզ նվիրեց:
Արթուր Մատինյանի ապշեցնող տաղանդը ստիպեց հյուրերին հոտնկայս ծափահարել ու հուզված ժպտալ երաժշտին: Փոքր, բայց ջերմ սրահը կրկին ապացուցեց, որ ռոքը չի երբեք չի ծերանում, և հայկական ռոքի ամենապայծառ աստղերից մեկն էլ կրկին ասպարեզում է:
Սյունե ՍԵւադա