Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուբեն Հայրապետյանը ասում է` ես տեղյակ չեմ, իմ գլխից թռել եք, արել եք, դուք էլ պատասխան տվեք». պատմում է «Հարսնաքարի» գործով մեղադրյալի քույրը

Մայիս 27,2014 21:35

«Հարսնաքարի» գործով մեղադրյալ Արման Բաղդասարյանի քույրը՝ Մերին վիրավորված է Ռուբեն Հայրապետյանից անուշադրության համար:

«Բացարձակ ոչ մի հարցում Ռուբեն Հայրապետյանը չմիջամտեց, չօգնեց ընտանիքին,եղբորս: Ասում է` ես տեղյակ չեմ, իմ գլխից թռել եք, արել եք, դուք էլ պատասխան տվեք, բայց դե պատասխան տա էն մարդը, ով որ արել է, Վահե Ավետյանի հետ անմիջական կապի մեջ է մտել… Ռուբեն Հայրապետյանը զոհ տվեց եղբորս, դեպքի իրական մասնակիցները չկան, եղբայրս զոհ է: Ծնողները հաշմանդամ են, երեխան էլ հեռուստացույցով տեսել է դեպքը, վախեցել ու դիաբետով հիվանդացել»,- պատմում է Ռուբեն Հայրապետյանի՝ փաստաթղթերով թիկնապահ, իսկ իրականում Ռուբեն Հայրապետյանի վարորդ Արման Բաղդասարյանի քույրը՝ Մերի Մանուկյանը:

Նրա համոզմամբ, եղբայրը որեւէ կապ չունի կատարվածի ու մեղադրանքի հետ. «Հազար տեսակի փաստեր կան, որ ինքը դեպքի ժամանակ տեղում չի եղել: Մինչեւ ինքը մեքենան կայանատեղում կանգնեցրել է, դեպքն արդեն ավարտվել է: Հեռախոսազրույցն էլ կա, որ դեպքի պահին եղբայրս հեռախոսով զրուցելիս է եղել»:

Հիշեցնենք, որ ամեն շաբաթ մեղադրյալների հարազատները հավաքվում են նախագահական նստավայրի դիմաց եւ պահանջում են արդար դատաքննություն՝ բողոքելով, որ իրենց հարազատները մեղավոր չեն:

Նախախորհրդարանի անդամ Տիգրան Խզմալյանը, որը նաեւ ի պաշտպանություն Վահե Ավետյանի բողոքի երթերի մասնակից էր, անդրադառնալով «Հարսնաքարի» գործով մեղադրյալների հարազատների բողոքներին ասաց. «Որքան էլ զարմանալի թվա, կարծում եմ, որ եթե ոչ բոլորը, ապա նրանց մեջ կան զոհեր: Եթե այնտեղ թիկնապահներն են, ապա նրանք չեն կարող հեռու լինել նրանից, ում թիկունքն են պահում: Թիկնապահները որեւէ բան չեն կարող անել առանց իրենց ղեկավարի համաձայնության»:

Նրա խոսքով, Վահե Ավետյանի նկատմամբ կատարվածը կարող էր տեղի ունենալ միայն Ռուբեն Հայրապետյանի իմացությամբ ու հրամանով. «Նույն ասացի մեղադրյալների հարազատներին, որոնք մի օր, երբ ինձ տեսան, հարցրին`ինչո՞ւ չենք կանգնում իրենց կողմին: Իրական մեղավորը ոչ թե կացինն է, այլ կացնի տերը»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Աստղիկ says:

    Հարգելի Արփինե Սիմոնյան նախ ուզում եմ ձեզ տեղեկացնեմ, որ Արման Բաղդասարյանը Մերի անունով քույր չունի, երկրորդը` հերախոսով հարցազրույց չեն վերցնում դու ինչ գիտես թե ում հետ ես խոսում , եվ եթե անգամ հերախոսով ես ուզում հարցազրույցն անցկացնել, ուրեմն բարի եղիր հրապարակել այն, ինչ որ քեզ ասվել է, լսածդ լուսաբանիր, այլ ոչ թե քո միտքն ու կարծիքդ: Եթե հարցեր կունենաք դիմեք Արմանի կնոջը` Աստղիկին

  2. Աստղիկ says:

    Ես կճշտեմ ով է ոմն հարցազրույց տվողը,որը ներկայացել է իբրև Արմանի քույր և հարցազրույց տվել ձեզ: Ամեն դեպքում տեղեկացեք, որ Արման Բաղդասարյանի ընտանիքի անդամներից և ոչ մեկը տեղյակ չի նման հարցազրույցից: Իսկ ինչ մնում է զոհ գնալուն, Արմանը միմիայն զոհ է դարձել անարդար դատավարության արդյունքում:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031