Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը մայիսի 30-ին, 31-ին և հունիսի 1-ին՝ ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես կգա Cartoon Non-Stop համերգային ծրագրով, որի ընթացքում կհնչեն ամենահայտնի և սիրված մուլտֆիլմերի երաժշտությունները:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը և նկատեց, որ Cartoon Non-Stop-ը դեռևս 2012-ին մեծ հետաքրքրություն առաջացրած Hollywood Non-stop համերգաշարի շարունակությունն է:
Ա. Տեր-Հովակիմյանի փոխանցմամբ՝ ծրագրում ներառված կլինեն այնպիսի հայտնի ու սիրելի մուլտֆիլմերի երաժշտություններ, ինչպիսիք են «Վարդագույն հովազը», «Առյուծ արքան», «Գեղեցկուհին և հրեշը», «Մոխրոտը», «Մադագասկարը», «Շրեկը», «Ալադդինը» և այլն:
«Մուլտֆիլմերի ընտրությունը բավականին բարդ էր,- ասում է երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը,- որովհետև շատ կան լավ ու սիրված մուլտհերոսներ, բայց վստահեցնում եմ ձեզ, որ ընտրվել են լավագույնները: Եվ համերգին կլսենք այդ երաժշտություններն արդեն սիմֆոնիկ նվագախմբի կենդանի կատարմամբ, իսկ կատարումները կուղեկցվեն համապատասխան մուլտֆիլմերի տեսահոլովակներով և լուսաձայնային էֆեկտներով՝ ավելի տպավորիչ դարձնելով ունկնդրումը»:
Կարդացեք նաև
Նվագախմբի տնօրեն Ա. Տեր-Հովակիմյանն էլ հավելեց, որ մուլտֆիլմերի ընտրությունը կատարվել է նաև ֆեյսբուքյան հարցման օգնությամբ, և շատ մուլտֆիլմեր ընդգրկվել են ծրագրում հենց այդ քվեարկության արդյունքում:
Նա նաև տեղեկացրեց, որ մայիսի 31-ին՝ ժամը 14:00-ին, Ա. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային-ակադեմիական թատրոնում տեղի կունենա մեկ լրացուցիչ համերգ՝ ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո:
Այս բարեգործական համերգին ներկա կգտնվեն միայն ու միայն երեխաներ:
«Նախագիծը նրանով է յուրօրինակ,- ասում է Ս. Սմբատյանը,- որ այստեղ խոսքը գնում է արդեն շատ սիրելի մուլտհերոսների և հետաքրքիր ու հարուստ սիմֆոնիկ երաժշտության մասին: Եվ ամենակարևորն այստեղ հասարակության մի ստվար զանգվածի՝ երեխաների ներկայությունն է, որոնք, դահլիճում գտնվելով, համերգը լսելով, երբեք չեն մոռանա իրենց տպավորությունները: Ես առավել, քան վստահ եմ»:
Իսկ ինչո՞ւ ծրագրում ընդգրկված չեն հայկական մուլտֆիլմերի երաժշտություններ:
«Եթե խոսում ենք ամերիկյան մուլտֆիլմերի մասին, ապա դրանց նոտաները գտնելը շատ հեշտ է: Պարզապես, պետք է կապվել նրանց հետ, նամակ ուղարկել, և քեզ կուղարկեն դրանք, բայց ինչ վերաբերում է հայկական մուլտֆիլմերին, մենք շատ լուրջ խնդրի առջև ենք կանգնում, որովհետև նոտաներ չկան, այսինքն՝ ամեն ինչ պետք է սկսել զրոյից»,- պատասխանեց Ա. Տեր-Հովակիմյանը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ