Aravot.am –ը Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանին հարցրեց` ինչպե՞ս կարելի է ՀՀԿ համագումարում այդպես գերագնահատել իշխող կուսակցության` երկիր կառավարելու ունակությունը, երբ համագումարին հաջորդեց այդ նույն կուսակցության ներկայացուցիչ Սուրեն Խաչատրյանի եղբորորդու Գորիսում մարդ ծեծելն ու առևանգելը: « Օրվա ցանկացած ժամի ես առնվազն 7 կայք եմ նայում քնելուց առաջ, ՀՀԿ համագումարի երեկոյան հանկարծ կարդում եմ` Սուրեն Խաչատրյանը համագումարին եկել էր գինովցած: Սուրեն Խաչատրյանը համագումարին նստած է եղել ինձանից երկու մետր հեռավորության վրա, բարևել ենք, զրուցել ենք, հետո էլ սուրճ ենք խմել միասին: Սուրեն Խաչատրյանին ես անձամբ տեսել եմ, հասկանում եք, այ, էդ կարգի սուտը կարդալուց հետո ես ուրիշ մեկնաբանություն չեմ ուզում տալ:
Հատկապես վերջին 4-5 տարիների ընթացքում մեր երկրում ոչ մի քրեական որակում ունեցող միջադեպ ասեմ, չորակեմ հանցանք, քրեական հետաքննություն պահանջող միջադեպ, հասարակության համար խորթ, հասարակության միջավայրին ոչ վայել խնդիր չի մնացել առանց դատաիրավական հարթություններում մանրամասն քննարկումների: Թողնենք սա իրավապահ մարմիների գնահատականին: Ես չեմ ժխտում, եթե նախկինում մենք ունեցել ենք առանձին խնդիրներ, որոնք առնվազն չեն լուսաբանվել, էլ չեմ ասում չեն քննարկվել, նշանակում է խորությամբ չեն քննարկվել, ես դա չեմ բացառում, ուղղակի, մեղմ ասած, ասում եմ առնվազն չեն լուսաբանվել, էսօր դա չունենք ` անկախ կատարող անձից, անկախ կասկածյալների շրջանակի անձանց ծագումնաբանական կամ քավորախնամիական կապերից, թողնենք իրավապահ մարմինների գնահատականին»,- հորդորեց ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավարը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ