Այսօր «Երիտասարդ կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում Թումանյան քաղաքի շրջակա Քարինջ, Մարց, Լորուտ, Շամուտ, Չկալով, Դսեղ, Ձորագետ համայնքների համախմբի համար Տեղական տնտեսական զարգացման (ՏՏԶ) մոդելի մշակման արդյունքների ներկայացում էր կազմակերպել:
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանի խոսքերով ՏՏԶ մոդելի մշակումը շատ կարևոր քայլ է համայնքների զարգացման ուղիները գծագրելու ճանապարհին:
«Ուրախ ենք, որ ՀԵԿԱ-ն իր թիմով կարողացավ մեկ ՏՏԶ մոդելի մշակման շրջանակներում անդրադառնալ ոչ թե ընդամենը մեկ համայնքի, այլ համայնքների համախմբի` միաժամանակ նշելով ընդգրկված համայնքների միջև գործընկերության և համախմբային զարգացման հեռանկարները»,-ասաց Լիլիթ Ասատրյանը:
Ըստ նրա` ՏՏԶ մոդելի զարգացման միջոցով, բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ ընդգրկված համայնքները հնարավորություն կունենան անցում կատարելու սոցիալ-տնտեսական առավել բարենպաստ փուլի` միևնույն ժամանակ խրախուսելով ու խթանելով համայնքային մասնակցությունը այդ գործընթացին:
Կարդացեք նաև
«Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրն իրականանում է բացառապես Լոռու մարզում եւ սկսվել է նախորդ տարվա մայիս ամսից, տեւողությունը երեք տարի է, ֆինանսական աջակցությունը տրամադրում է Եվրամիությունը: Ծրագրի գործընկերներն են Լոռու մարզպետարանը, Վանաձորի քաղաքապետարանը, ինչպես նաեւ CISP իտալական կազմակերպությունը:
Ծրագրի շրջանակներում մշակվել են համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստող ծրագրեր` հիմնված տվյալ համայնքի մրցակցային առավելությունների վրա:
Aravot.am-ի հետ զրույցում ՀԵԿԱ նախագահ Լիլիթ Ասատրյանը նշեց, որ մշակված ՏՏԶ մոդելի հիման վրա կազմակերպվելու են նաև մարզի կանանց շրջանում ձեռներեցությունը խթանող ուսումնական և տեղեկատվական դասընթացներ, քննարկումներ, ավելին, վերոհիշյալ համայնքների կանայք դրամաշնորհներ կստանան:
«Ինչպես նաև ծրագրի շահառուներին տրամադրվելու է ֆինանսական աջակցություն` ՀՀ Լոռու մարզում համայնքների զարգացմանը նպաստող ձեռնարկատիրական ծրագրերի իրականացման համար»,-եզրափակեց Լիլիթ Ասատրյանը:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ