Վաղը` մայիսի 28-ին, բոլորս միասին նշելու ենք Առաջին Հանրապետության/Սարդարապատի հերոսամարտի օրը: Իսկ այսօր` մայիսի 27-ին, լրանում է 24 տարի այն օրվանից, երբ հայ աշխարհազորայինները, բազում զոհերի և վիրավորների գնով, կարողացան կանգնեցնել խորհրդային բանակի БТР-ների մուտքը Երևան` այսպիսով կանխելով նոր «Վիլնյուսներ», «Թբիլիսիներ»:
Մայիսի 27-ը դարձավ Անկախության բանակի ծննդյան օրը, և դրա մարտիկները, ովքեր այդ պատմական օրը անկախության զոհասեղանին դրեցին իրենց երեք ընկերներին` Գագիկին, Մարտինին և Տիգրանին, ամեն տարի այս օրը իրենց հարգանքի տուրքն են մատուցում նրանց Եռաբլուրում, նաև` Հանրապետական կուսակցության և Անկախության բանակի հիմնադիր Աշոտ Նավասարդյանին, Սպարապետ Վազգեն Սարգսյանին, Զորավար Անդրանիկին, մեր մյուս հին ու նոր Հերոսներին:
Հետո նրանք իջնում են Երևանի Մովսես Խորենացու փողոց` Անկախության բանակի և Ազատագրական բանակի լեգենդար հրամանատար երջանկահիշատակ Լեոնիդ Ազգալդյանի կիսանդրիին ծաղիկներ դնելու /այդտեղ է գտնվում Լեոնիդի հայրական տունը, ուր այժմ բնակվում է նրա քույրը` իր աղջկա ընտանիքի հետ/, այնուհետև գնում Թոխմախի գերեզմանատուն, ուր իր վերջին հանգրվանը գտավ ականավոր զորահրամանատարը, գիտնականը և գաղափարախոսը, ում հետևյալ խոսքերը` «Սա Հայաստանն է ու վե’րջ» և «Ես զոհվելու եմ Ստամբուլի պատերի տակ» վաղուց արդեն թևավոր են դարձել…
Սույն տողերի հեղինակի հետ զրուցելիս, Լեոնիդ Ռուբենի Ազգալդյանի մտերիմ զինակից, ներկայումս` ՀՀ ԱԺ պատգամավոր և «Անկախության բանակ» հ/կ-ի հիմնադիր նախագահ Աշոտ Աղաբաբյանը ընդգծեց, որ լավագույն հուշարձանը Ազգալդյանին կլիներ մեր մատաղ սերնդին հայրենասիրական ոգով դաստիարակելը`հենց այսպիսի հերոսների օրինակով:
Գուրգեն ԽԱԺԱԿՅԱՆ