Դոնեցկի օդանավակայանը, որը երկուշաբթի գրավել էին անջատականները, Կիևի ուժերը հետ են վերցրել, հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովը, փոխանցում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը:
«Օդանավակայանն ամբողջովին գտնվում է մեր վերահսկողության տակ: Հակառակորդը մեծ կորուստներ է կրել, մենք կորուստներ չունենք», – ասել է Ավակովը՝ նշելով, որ հստակ չգիտի, թե քանի հոգի են զոհվել անջատական զինյալներից, սակայն ենթադրում է, որ խոսքը «տասնյակ մարդկանց» մասին է:
Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունից ևս հայտնել են, որ օդանավակայանը գտնվում է Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ:
Զոհերի հետ կապված տեղեկատվություն է տարածել Դոնեցկի մարզպետարանի առողջապահության վարչությունը, որի համաձայն, նախնական տվյալներով՝ մայիսի 26-ին և մայիսի 27-ի գիշերը Դոնեցկում տեղի ունեցած հակաահաբեկչական գործողությունների ժամանակ 36 մարդ է զոհվել, 31 հոգի վիրավորվել է, սակայն նշված չէ, թե հակամարտող որ կողմից են զոհերը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև