Լրահոս
Օրվա լրահոսը

«Տնտեսական ազատության համար օրենքի գերակայությունը առաջնահերթ խնդիր պետք է լինի». Վահագն Խաչատրյան (Տեսանյութ) 

Մայիս 27,2014 17:30

Հայաստանի գործատուների հանրապետական միության «Տնտեսություն և Գործարարություն» վերլուծական ակումբի 2-րդ «Անհավասար մրցակցություն ՀՀ-ում, առկա խնդիրները, լուծման ուղիները» թեմայով նիստի ընթացքում այսօր զեկույցով հանդես եկավ տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

Իր «Քաղաքական ու տնտեսական մրցակցության արգելափակումը՝ ՀՀ զարգացման խոչընդոտ» զեկույցում պրն Խաչատրյանը նշեց, որ օրենքի գերակայությանը պետք է ավելի մեծ դեր հատկացնել. «Եթե մենք խոսում ենք տնտեսական ազատության մասին, ապա օրենքի գերակայությունը առաջնահերթ խնդիր պետք է լինի: Երբ մենք խոսում ենք նաեւ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հետ կապված խնդիրների մասին, ապա այստեղ նույնպես օրենքի գերակայության պակաս կա»:
Պրն Խաչատրյանի կարծիքով՝ մրցակցությունը ցանկացած շուկայական տնտեսության ամենաառաջին պայմանն է: Պրն Խաչատրյանը իր զեկույցը սկսեց Ֆրիդրիխ Ֆոն Հայեկ-ի խոսքերով. «Տնտեսության մեջ փակուղին միշտ ուղեկցվում է իշխանության ինքնագործունեությամբ և կոռուպցիայով, ազգային ռեսուրսների վատնումով և թալանով, քաղաքացիներին ծառաների վերածելով, ղեկավարների՝ ճշմարտության պահպանողի և անսխալականության ներկայանալով, որոնք զբաղվում են պատմության իմաստի մասին մարգարեությամբ: Շուկայի վրա արգելք դնելը ուղիղ ճանապարհ է դեպի ստրկություն»: Պրն Խաչատրյանի պնդմամբ՝ այս խոսքերը լիովին համապատասխանում են Հայաստանում տիրող իրականությանը:

Պրն Խաչատրյանի խոսքերով՝ Հայաստանում քաղաքական մրցակցություն չկա. «Մենք գնում ենք դեպի միակուսակցական համակարգի: Բոլոր կուսակցությունները պետք է հնարավորություն ունենան օգտվել ֆինանսական միջոցներից: Հայաստանում դա հասկանալի պատճառներով չկա: Եվ ի վերջո, եթե չկան ֆինանսներ, ապա չկա նաեւ քաղաքական գործունեություն: Հայաստանում եթե կուսակցություններն անգամ օգտվում են ֆինանսական միջոցներից, ապա դրանք էլ թափանցիկ չեն: Քաղաքական նման գործունեությունը նպաստում է ստվերային տնտեսությանը»:

Մանրամասն՝ տեսանյութում

 


Վահագն Խաչատրյանի ներկայացրած տվյալների համաձայն՝ Fraser հիմնադրամի կատարած հետազոտությունների արդյունքում տնտեսական ազատության առումով, Հայաստանը 152 երկրների մեջ զբաղեցնում է 23-րդ տեղը, իսկ բիզնեսում՝ 32-րդ տեղը՝ 183 երկրների մեջ: Սակայն, պրն Խաչատրյանը հակասական է համարում այն հանգամանքը, որ բարձր տնտեսական ազատության եւ բիզնեսում բարձր տեղ զբաղեցնելու դեպքում երկրում, այնուամենայնիվ, ներդրում անող չկա:

Մանրամասն ՝ տեսանյութում

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031