Այսօր Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն:
Հանդիպումից հետո մամուլի համատեղ ասուլիսում Դավութօղլուն ասել է․ – «Ուկրաինայի իրադարձությունները ցույց են տալիս, որ կարևոր է շուտափույթ կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Անհրաժեշտ է կոնկրետ քայլեր կատարել այդ հակամարտությունը լուծելու համար»:
Հայտնելով, որ Մոսկվա է ժամանել Բաքվից, Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ռուսաստանցի պաշտոնակցի հետ հանդիպման մասին ասել է․- «Այսօրվա բանակցություններում մենք հարգարժան Սերգեյ Լավրովի հետ քննարկեցինք Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը: Թուրքիան հանդես է գալիս տարածաշրջանում «սառեցված» հակամարտությունները կարգավորելու օգտին: Այդ տարածաշրջանը շատ մոտ է Թուրքիային և Ռուսաստանին, «սառեցված» հակամարտությունները վտանգներ են ստեղծում տարածաշրջանի երկրների համար»: Դավութօղլուն հույս է հայտնել, որ Ռուսաստանը կօգնի կարգավորելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ինչպես նաև ջանքեր չի խնայի տարածաշրջանում մյուս սառեցված հակամարտությունները լուծելու համար:
Կարլեն Ասլանյան
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում