Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Միշել Պետրոսյան. «Հենց ասում են ժամանակակից երաժշտություն, պատկերացնում են Ալֆրեդ Հիչքոքի ծանր ֆիլմերը»

Մայիս 27,2014 16:43

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանն այսօր կայացավ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) ադմինիստրատոր Արման Պադարյանի, Եղիսաբեթ թագուհու անվան միջազգային մրցույթի 2012թ. առաջին մրցանակակիր, ֆրանսահայ կոմպոզիտոր Միշել Պետրոսյանի եւ նույն մրցույթի 2013թ. երկրորդ մրցանակակիր, ֆրանսիացի անվանի դաշնակահար Ռեմի Ժընիեի մամլո ասուլիսը:

france2
Մայիսի 30-ին ՀՀ-ում Ֆրանսիական դեսպանատան աջակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում ՀՊՖՆ-ն հանդես կգա սիմֆոնիկ համերգով։ Հայ ունկնդրին կներկայացվի Միշել Պետրոսյանի՝ դաշնամուրի եւ սիմֆոնիկ նվագախմբի համար գրված «Էայի ջրահետքերով» ստեղծագործության հայաստանյան պրեմիերան: Կհնչեն նաեւ Մոցարտի՝ Դաշնամուրի թիվ 20 կոնցերտը եւ Բեթհովենի թիվ 1 սիմֆոնիան:

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի եւ համագործակցության հարցերով խորհրդական Ժան-Միշել Կասպարյանը նշեց, որ ուրախ են սատարել ֆրանսիացի երիտասարդ արվեստագետներին հանդես գալ Երեւանի մշակութային հագեցած մթնոլորտում՝ Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Նա ֆրանսիացի դաշնակահար Ռեմի Ժընիեին բնորոշեց որպես Ֆրանսիայի տաղանդներից մեկը: «Միշել Պետրոսյանին նոր չէ, որ բացահայտում եմ, մեծ սրտով տաղանդավոր կոմպոզիտոր է»,-ասաց Ժան-Միշել Կասպարյանը: Նաեւ հավելեց, որ դեսպանատունը կշարունակի համագործակցել ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ եւ դուրս կգան Երեւանի սահմաններից ու մարզերում էլ համերգներ կկազմակերպեն: Արդեն բանակցություններ են տարվում Դիլիջանի երաժշտական դպրոցի հետ:

Միշել Պետրոսյանի խոսքով, «Էայի ջրահետքերով» ստեղծագործությունը բնորոշում է իր վերաբերմունքը Հին Արեւելքի մշակույթների նկատմամբ: Նրա ասելով, Եղիսաբեթ թագուհու անվան միջազգային մրցույթը նույնն է, ինչ ֆուտբոլի առաջնությունը՝ Բրազիլիայում: «Բոլորը չէ, որ «մտերիմ» են ժամանակակից երաժշտության հետ, երբ ասում են ժամանակակից երաժշտություն, պատկերացնում են Ալֆրեդ Հիչքոքի ծանր ֆիլմերը: Իրականում, դա այսօրվա երաժշտությունն է, ինչպես ձեր այսօրվա հագուստը: Չէ՞ որ դուք այսօր չեք կրում կեղծամներ, կամ այնպիսի հագուստ, ինչպես միջնադարում… Իմ այս ստեղծագործության մեջ այնպես եմ արել, որ ամեն երաժիշտ իբրեւ սոլիստ հանդես գա»,-նշեց հայազգի կոմպոզիտորը:

ՀՊՖՆ ադմինիստրատոր Արման Պադարյանը հայտնեց, որ ուրախ է նման երաժիշտների հետ այդ պրեմիերան հնչեցնելու համար:

Ռեմի Ժընիեն էլ նշեց, որ ժամանակակից երաժշտական գործ նվագելը իր համար սովորական բան է, բայց նաեւ ինչ-որ իմաստով մարտահրավեր: «Երբ Միշել Պետրոսյանն առաջարկեց իր գործը ներկայացնել Հայաստանում, անմիջապես համաձայնեցի, քանի որ այդ երկը ինձ շատ դուր եկավ»,- հավելեց նա: Երիտասարդ դաշնակահարը խոստովանեց, որ բացի Արամ Խաչատրյանից, այլ հայազգի կոմպոզիտորների չգիտի:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031