Ուկրաինայի վարչապետի պաշտոնակատար Արսենի Յացենյուկը հայտնել է, որ այս փուլում Ռուսաստանի հետ առանց միջնորդների բանակցելը հնարավոր չէ, փոխանցում է «Սեգոդնյա» լրատվականը:
«Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններ վարելու մասին կառավարության դիրքորոշումը չի փոխվել. այս պայմաններում երկկողմ բանակցություններն առանց ԱՄՆ-ի և Եվրամիության ներկայության հնարավոր չեն, – ասել է Յացենյուկը կառավարության նիստի ժամանակ, – եթե միայն նրանց (Ռուսաստանի) հետ ես նստում սեղանի շուրջ, անպայման խաբում են, իսկ հետո էլ խելոք ու վստահ դեմքով ասում, թե հենց այդպես է եղել»:
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ Մոսկվան պատրաստ է Ուկրաինայի նախագահի ընտրություններում նախնական տվյալներով հաղթած թեկնածուի՝ Պյոտր Պորոշենկոյի հետ բանակցություններ սկսել առանց միջնորդների:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ