«Արդեն նոր ձևաչափերի ժամանակն է: ԱՊՀ-ի ձևաչափը, որն այսօր կա, արդեն իրեն սպառել է»,-այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած «ԱՊՀ գագաթնաժողով. Համագործակցության արդիական օրակարգը» թեմայով Երևան–Մոսկվա–Աստանա–Կիև–Քիշինև տեսակամուրջի ժամանակ հայտարարեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը՝ մեկնաբանելով Ուկրաինայի՝ ԱՊՀ-ից դուրս գալու մասին մտադրությունը:
Պարոն Հարությունյանը միևնույն ժամանակ նշեց, թե Ուկրաինայի՝ նման որոշում հայտնելու մեջ զարմանալու բան չի տեսնում, քանի որ այն բխում է երկրի ղեկավարության տրամաբանությունից և դա երկրի ներքին հարցն է:
Շեշտելով, որ ԱՊՀ-ի ձևաչափն, այնուամենայնիվ, ավելի ընդունելի է, քան, որ ոչ մի կառույց էլ չլիներ, պարոն Հարությունյանն անդրադարձավ համագործակցության նոր ձևաչափերին ու մանրամասնեց. «Այսպիսի ձևաչափեր արդեն ուրվագծվում են. օրինակ՝ Մաքսային միությունը, Եվրասիական միությունը: ԱՊՀ-ի կարևորությունն այլևս այն չէ, այս կառույցն իրեն սպառել է: Ժամանակն է անցնել այս նոր ձևաչափերին՝ աչքի առաջ ունենալով ԱՊՀ-ի ընթացքում առաջացած խնդիրները: Եվ, ընդհանրապես, պետք է խուսափել միջոցառումային ոճից»:
«Կովկաս» ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը նկատեց, թե Ուկրաինայի այս մտադրությանը մենք փոքր-ինչ դրամատիկ ենք նայում ու հավելեց. «Բոլորին է հայտնի, որ ԱՊՀ-ն այլևս աշխարհաքաղաքական ինտեգրացիայի կարևորագույն ձևաչափ չէ, այդ մասին բազմիցս խոսվել է, դրան անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ԱՊՀ-ն անվանելով «քաղաքական ապահարզանի» տարբերակ: Մեկ այլ հանգամանք ևս: Եթե անգամ Ուկրաինան ԱՊՀ-ից դուրս գալու որոշում ընդունի, ապա դա այնքան էլ շուտ տեղի չի ունենա: Իրավաբանական ձևակերպումները շուրջ մեկ տարի կարող են տևել, ինչպես դա եղավ Վրաստանի պարագայում»:
Կարդացեք նաև
ԱՊՀ երկրների ռազմավարական զարգացման կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Ալեքսանդր Գուսևը, անդրադառնալով այն դիտարկմանը, թե ԱՊՀ-ն լքելու մասին մտադրությունը բխում է Ուկրաինայի նորընտիր ղեկավարության տրամաբանությունից, շեշտեց այն, որ Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոն «օլիգարխիայի կարկառուն ներկայացուցիչներից է և նրան ձեռնտու չէ հարյուր տոկոսով մեկ կողմի վրա շրջվել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ