«Կառավարության ծրագիրն Ազգային ժողովի մեծամասնությունը համարեց ամբողջական իրատեսական, ինչպես ներկայացրեց նաեւ կառավարությունը: Եվ այն տնտեսական ցուցանիշները, որոնք ծրագրում նշվում են, կարելի է համարել, որ նորմալ աշխատանքային պայմաններում դրանք իրագործելի են: Եվ մենք՝ որպես քաղաքական մեծամասնություն, այդ ծրագիրն իրականացնելու համար ամեն ինչ անելու ենք»,- այսօր՝ մայիսի 27-ին, «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:
Նրա խոսքով՝ ծրագրում առկա ցուցանիշների ապահովման համար կառավարությունն իր համար գերակա շահ է նախատեսել տնտեսական դաշտի արդյունավետ աշխատանքը, իսկ արդյունավետ աշխատանքի համար կառավարությունը նախատեսում է հարկային դաշտում որոշակի փոփոխություններ, որոնք կնպաստեն տնտեսության եւ բիզնեսի զարգացմանը. «Այդ առումով շատ եմ կարեւորում սահմանում ավելացված արժեքի հարկի գանձման հետաձգումը, եւ ավելացված արժեքի հարկի նվազագույն չափաքանակի աստիճանական նվազեցումը, որը լրացուցիչ գումարներ եւ լրացուցիչ հնարավորություններ կստեղծի գործարար աշխարհի համար՝ ներդրումային դաշտում դրանք տեղակայելու նպատակով»:
Պարոն Մելիքյանը նաեւ կարեւորում է կառավարության կողմից առաջադրված փոքր եւ միջին բիզնեսի զարգացման նպատակով հարկային բեռի թեթեւացման ծրագիրը, ըստ որի, նախատեսվում է փոքր բիզնեսը դիտել որպես աշխատատեղերի ստեղծման հիմնական նպատակ եւ ոչ որպես հարկատու, նաեւ հարկային չափաքանակի նվազեցում մինչեւ 1 տոկոս. «Շատ կարեւոր է այն հանգամանքը, որ նման հարկային փոփոխությունները, նման հարկային դաշտը հնարավորություն կընձեռի փոքր եւ միջին բիզնեսի զարգացման համար՝ աշխատանքների ստեղծման առումով, որն իր հերթին կբերի աղքատության նվազեցման 10 տոկոս ցուցանիշի կատարմանը»:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու հանգամանքին՝ Գագիկ Մելիքյանը նշեց, որ կարծում է դա կլինի Մաքսային միությանը եւ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու գործում հերթական փուլը եւ մինչեւ տարեվերջ հնարավոր կլինի Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելը:
Կարդացեք նաև
Այն հարցին, թե ծրագրով նախատեսված է 65000 դրամ նվազագույն աշխատավարձ, ինչքա՞ն ժամանակ է հարկավոր ծրագրի այդ կետն իրականացնելու համար, պարոն Մելիքյանը պատասխանեց՝ հիմնականում 3 տարի: Սակայն, ՀՀԿ խմբակցության քարտուղարը համարում է, որ դա այն թիվը չէ, որին սպասում է հասարակությունը, որը պետք է նպաստի ժողովրդի կենսամակարդակի հստակ բարձրացմանը, այլ այն թիվն է, որը հնարավոր է. «Իսկ եթե տնտեսական գործունեության հետեւանքով, տեսնեն, որ հնարավոր է ավելի բարձրացնել, ապա կառավարությունը կգնա նաեւ դրան: Մենք ընդամենը առաջնորդվել ենք մի գաղափարով՝ «նշել քիչ, անել շատ»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Դուք միայն քադող եք ու թալանող…