Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սամվել Հովհաննիսյանի պաշտպանը հանցագործության վերաբերյալ հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին, ինչպես նաև ՄԻՊ-ին (Տեսանյութ) 

Մայիս 27,2014 14:49

Այսօր «Նոյյան տապան» ակումբում կայացած ասուլիսում Փաստաբանների պալատի անդամ Վահագն Մարտիրոսյանը լրագրողներին մանրամասներ հայտնեց ՀՀ քրեակատարողական հիմնարկների վարչության նախկին պետի՝ Սամվել Հովհաննիսյանի դատական վճռի վերաբերյալ:

«Մայիսի 5-ին դատավոր Արմեն Խաչատուրյանը կայացրել է դատավճիռ՝ պաշտպանյալիս՝ Սամվել Հովհաննիսյանին 12 տարվա ազատազրկման՝ հանցագործություն կատարելու մեղադրանքով: Պաշտպանական կողմը գտնում է, որ դատական վճիռը հիմնված է կեղծիքների հիման վրա»,- նշեց Վահագն Մարտիրոսյանը:

Ինչպես նշեց փաստաբանը՝ դատարանն իրենց բերած փաստարկները կեղծիքների մասով համարել է վրիպակներ: Պաշտպանական կողմը միջնորդություն էր կատարել, որպեսզի քրեական գործը կարճվի, քանի որ ամսաթվերի առնչությամբ հայտնաբերվել են բազմապիսի հակասություններ, սակայն դատարանը գտել էր, որ ամսաթվերի անհամապատասխանությունը զուտ վրիպակներ են: «Երբ որ նայում ենք բլանկներին և ամիս-ամսաթվերին, ապա տեսնում ենք, որ իրար չեն համապատասխանում:

«Այդքան վրիպակներն ուղղակի ծիծաղելի են,-հայտարարեց փաստաբանը, ապա շարունակեց,-հարուցվում է քրեական գործ ոմն քաղաքացու բողոքի հիման վրա, որից հետո կատարվում են համապատասխան քննչական գործողություններ: Քննիչը ՌԴ-ի համապատասխան իրավապահ մարմիններից օգնություն է խնդրել: Խոսքն այստեղ գնում է Ռուսաստանի Դաշնությունից ստացված վերծանումների մասին, որոնք եկել են սկավառակով , որը բաց վիճակում է եղել: Ինը միջնորդություն է կատարվել սակայն միայն մեկն է բավարարվել: Փորձագետի եզրակացությունը դատարանը համարեց անթույլատրելի ապացույց, սակայն դատարանը, այդուամենայնիվ, դա ներառել է նաև դատավճռի մեջ, այսինքն` անդրադարձել է այդ ապացույցներին: Պաշտպանյալից գաղտնալսել են և այդ ձայնագրություններից մեկի ֆայլը մոնտաժված է եղել: Փորձագետը 2 անգամ հարցաքննվել է և պնդել է, որ դա դիտավորյալ կատարված գործողություն է դիտել:Այսինքն՝ կոնկրետ անձը միջամտել և մոնտաժումներ է արել: 2 ամիս գաղտնալսել են պաշտպանյալիս: Ինչպես մեղադրողն իր մեղադրական ճառում, այդպես էլ դատարանը՝ հիմքում դրել է, թե իբր պաշտպանյալս զանգահարել է ՌԴ և զրուցել ոմն պատվիրատուի հետ: Քննիչը հիմնավորելու համար, որ այդ զանգերը կատարել է հենց իմ պաշտպանյալը, պետք է օպերատիվ միջոցներ ձեռնարկեր՝ ապացույցներ ձեռք բերելու, վկաներին լսելու ուղղությամբ»:

Պարոն Մարտիրոսյանը նշեց նաև, որ քարտը, որով իբր զանգ է կատարվել Ռուսաստանի պատվիրատուին, գտնվում է մի քաղաքացու մոտ, իսկ այդ քաղաքացին հայտնել է, որ այդ քարտն ,իբր, գտել է ձյան միջից. «Այդ քաղաքացուն կարողացել են գտնել բազմաթիվ ամիսներից հետո, բայց այն փաստը, որ պետք է փորձեին հարցումներ անել, ապա դա չեն արել:Այսինքն՝ զանգելը զուտ չփարատված կասկած է: Ես այդ ամենի հիմքում տեսնում եմ միտում՝ ուղղված պաշտպանյալիս դեմ: Թե ո՞վ է ուզում պաշտպանյալիս տեսնել վանդակների հետևում, ապա դա թողնում եմ ձեր հայեցողությանը»:

Ինչ վերաբերում է նրան, թե վրիպակների հետևանքով ինչ կարող էր փոխվել դատական գործում, ապա փաստաբանը նշեց, որ՝ նախ, ձեռքբերված կեղծիքն օգտագործվում է ի շահ մեղադրանքի: Մեր դեպքում ստացվել է, որ քննիչը գործը հարուցել է օգոստոս ամսին, իսկ մատյանում գրանցել է սեպտեմբերին:

Մանրամասները  տեսանյութում

 

 

Վահագն Մարտիրոսյանը նաեւ ներկայացրեց. «Մեղադրում են, որ Սամվել Հովհաննիսյանը ոմն պատվիրատուի հետ հանդիպել է Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում: «Շերեմետեւո» օդանավակայանում ամեն մի մետր քառակուսին վերահսկվում է:

Փաստորեն, պատվիրատուն և պաշտպանյալս գտնվել են նույն պահին այդտեղ, որն էլ միայն որպես փաստ կիրառվել է նրա դեմ և այդ մասին չկա ոչ մի փաստացի հանգամանք: Հիմնավորում են, որ պաշտպանյալս ստացել է գումար: Գումարների փոխանցումներ կան, բայց, թե ով ում է փոխանցել՝ չկա ոչ մի ապացույց գործում: Չկա այնպիսի ապացույց, որ պատվիրատուն անձամբ փող է փոխանցել ու պաշտպանյալս ստացել է»:

Փաստաբանը մտահոգություն հայտնեց, որ Սամվել Հովհաննիսյանի գործով երկու ամիս գաղտնալսում է կատարվել, սակայն դրանցից միայն չորսն է կիրառվել, որից մեկն էլ մոնտաժված է.«Հարց է առաջանում, թե որտե՞ղ են մյուս ձայնագրությունները, եթե երկու ամիս ձայնագրել են: Խոսքն այն մասին է, թե իբր ձայնագրել են պաշտպանյալիս ու ոմն պատվիրատուի զրույցը»:

Պարոն Մարտիրոսյանը նշեց, որ իրենք արդեն իսկ քննիչի կողմից հանցագործության վերաբերյալ հաղորդում են ներկայացրել գլխավոր դատախազին, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանին. «Ասեմ, որ այս գործով արդեն իսկ զբաղվում է նախագահի վերահսկողական ծառայությունը: Մեր հաջորդ քայլն է՝ բողոքարկել վերաքննիչ դատարան»:
Նշեց նաև, որ դատական վճիռը տրամադրել են բողոքարկման թույլատրելի ժամկետի ավարտից հետո, որն էլ խնդիր է առաջացրել: «Միանշանակ ես այդ մասով կորցրած ժամկետի համար դատարան դիմում կներկայացնեմ»,-ասաց Վահագն Մարտիրոսյանը:

Սերգեյ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031