«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն առաջիկա նախագահական ընտրություններում նոր սցենար չի տեսնում:
«Լինելու են այն ընտրությունները, որոնք մինչեւ հիմա եղել են: Չեմ կարծում, որ ՀՀԿ-ն սահուն կփոխանցի իշխանությունը Ռոբերտ Քոչարյանին: ՀՀԿ-ն ոչ այնքան կուսակցություն է, որքան ադմինիստրատիվ ռեսուրսի կենտրոնացում: Մոտավորապես այնպիսին, ինչպիսին 90-ականների կեսերին ՀՀՇ-ն էր: Հիմա, թե կուսակցությունը այդ մարմնի որ հատվածում է, պարզ կդառնա, երբ ՀՀԿ-ն դառնա ընդդիմություն: Բայց քանի ադմինիստրատիվ ռեսուրսն է այդտեղ կենտրոնացված, ադմինիստրատիվ ռեսուրսը թույլ չի տալու իշխանափոխություն տեղի ունենա »,- այսօր «Հայելի » ակումբում ասաց պարոն Մարտիրոսյանը:
Նրա խոսքով, ՀՀԿ-ն արդեն միայնակ է օգտագործելու ընտրակաշառքի ինստիտուտը:
Ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումներին, պարոն Մարտիրոսյանն ասաց, որ ոչ լեգիտիմ նախագահը իրավասու չէ սահմանադրական բարեփոխումներ անցկացնել. «Խոսում են իբրեւ թե խորհրդարանական համակարգի անցնելու մասին, բայց դեմ՝ 100 տոկոս համամասնականին: Այսինքն, մեծամասնականը պահելով՝ փորձելու են նորից ոչ քաղաքական ինստիտուտներ դարձնել…Բացի դա, Հայաստանում քաղաքացիներին շատ քիչ է մտահոգում սահմանադրական բարեփոխումները, որովհետեւ հիմա նրանք մտածում են՝ աշխարհի որ ծայրում ինչ գործ գտնեն: Հետեւաբար Սահմանադրական բարեփոխումները խոսակցության նյութ տալու առիթ է եւ դրա կարիքը բացարձակ չկա, ժամավաճառություն է: Լեգիտիմ ընտրված նախագահ ու խորհրդարան պետք է լինի, որը, ունենալով ժողովրդի վստահությունը, պետք է սկսի սահմանադրական բարեփոխումների նախաձեռնությունը»:
Կարդացեք նաև
ՀՀԿ փոխնախագահ Լեռնիկ Ալեքսանյանն էլ հակադարձեց. «Ինձ թվում է՝ քաղաքական գործիչները լավ չեն ճանաչում ՀՀԿ-ի ներքին խոհանոցը, ղեկավարներին ու կառուցվածքը: Ինչ որ ադմինիստրատիվ ռեսուրս բոլորը ունեցել են՝ կոմունիստականից սկսած, հետո ՀՀՇ-ն, հիմա էլ մենք ունենք, բայց… ՀՀԿ-ի կենսագրությունը նայենք, մեր կուսակցության լիդերները ՝ Աշոտ Նավասարդյանը, միշտ ընդդիմադիր է եղել, բայց կենտրոնամետ՝ պետությունը կայացնելու միտված»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ