«Հանրապետականը Հայաստանի Հանրապետությունում ազդեցիկ եւ առաջատար քաղաքական ուժ է՝ ժողովրդական գաղափարների դավանումով»,- այսօր՝ մայիսի 27-ին, «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:
Նա նշեց, որ իրենց կուսակցությունը առաջնորդվում է քաղաքական հանդուրժողականության եւ քաղաքական համագործակցության սկզբունքով, իսկ դրանք էլ, որպես ժողովրդավարության գաղափարներ ընդունելի են պահպանողական կուսակցության կողմից. «Որպես պահպանողական կուսակցություն պահպանում ենք այն, ինչ անհրաժեշտ է, փոփոխում ենք այն, ինչ ծայրահեղ անհրաժեշտ է, այդ առումով գնում ենք սահմանադրական փոփոխությունների, որը բխում է նաեւ մյուս բոլոր քաղաքական ուժերի նպատակներից: Նախկինում հնչած բոլոր քաղաքական ուժերի կողմից կատարված առաջարկները անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ կատարելիս: Պետք է ընդունենք, որ համակարգային փոփոխություններ տեղի են ունենում հիմնականում սահմանադրական փոփոխության հետ միասին եւ հնարավոր չէ իրականացնել համապարփակ համակարգային փոփոխություններ առանց սահմանադրական փոփոխությունների»:
Նա, մեջբերելով նախագահ Սարգսյանի հայտարարությունը, թե առաջիկա երկու տարիների ընթացքում իրենք նպատակահարմար չեն համարում նախընտրական քարոզչության սկսումը, ավելացրեց, որ նաեւ համարում են, որ դա կարող է բերել քաղաքական անկայունությանը, որը չի նպաստի տնտեսական աճի ապահովմանը եւ ժողովրդի սոցիալական վիճակի բարելավմանը, եւ այդ պատճառով կուսակցությունը նպաստելու է երկբեւեռ քաղաքական դաշտի ձեւավորմանը՝ որպես քաղաքական զարգացման բնականոն ճանապարհ. «Մենք չենք փորձելու խոչընդոտել որեւէ քաղաքական ուժի իր քաղաքական ճանապարհին, մենք նպաստելու ենք քաղաքական համագործակցությանը, իսկ այն քաղաքական ուժերը, ովքեր իրենց զարգացման ճանապարհին իրենց քաղաքական գործունեությամբ կամ քաղաքական անգործությամբ կնպաստեն ինքնաոչնչացմանը, դա ես համարում եմ նաեւ բնականոն ճանապարհ քաղաքական զարգացման դաշտում»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ