Լրահոս
Օրվա լրահոսը

Գևորգ Չավուշի թանգարանի աշտարակին արծվի քանդակ է տեղադրվել

Մայիս 27,2014 14:10

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը որդիների հետ միասին մասնակցել է Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում ավանդաբար մայիսի 27-ին նշվող ֆիդայիների ոգեկոչման ու հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի հերոս Գևորգ Չավուշի հիշատակի օրվան նվիրված արարողությանը: Տասնամյակների պատմություն ունեցող այս ավանդույթը մեկ հարկի ներքո էր հավաքել տարբեր սերունդների հարյուրավոր մարդկանց, ովքեր եկել էին Աշնակ՝ ոչ միայն իրենց հարգանքի տուրքը մատուցելու քաջ ֆիդայապետի հիշատակին, այլև մասնակցելու բոլոր այն ֆիդայիների ոգեկոչման արարողությանը, ովքեր Չավուշի նման իրենց կյանքը զոհաբերեցին հանուն հայրենիքի ու սեփական ժողովրդի փրկության:

Մինչ ավանդատոնի բուն միջոցառումների մեկնարկը, Տարոն Մարգարյանը նախ հարգանքի տուրք է մատուցել Հայրենական մեծ պատերազմում, Արցախյան ազատամարտում զոհված աշնակցիների, ինչպես նաև Մեծ եղեռնի զոհերի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով նրանց հուշարձանին: Այնուհետ քաղաքապետն աշնակցիների և Աշնակ այցելած հարյուրավոր հայորդիների հետ միասին շարժվել է դեպի Գևորգ Չավուշի թանգարան: Հատկանշական է, որ այս տարի ֆիդայական ավանդատոնին նվիրված միջոցառումների շրջանակում, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ, Գևորգ Չավուշի թանգարանի՝ «ֆիդայատան» աշտարակին տեղադրվել է Հայոց արծվի քանդակը: Ճարտարապետ Լևոն Մկրտչյանի նախագծով և քանդակագործ Գևորգ Գևորգյանի կողմից իրականացված արծվի քանդակի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ներկաները նշում էին, որ տարիներ անց կյանքի կոչելով թանգարանի շենքի հեղինակ, ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի՝ հայացքը դեպի Էրգիր ուղղած, թռիչքի պատրաստ արծիվի քանդակը թանգարանի աշտարակին տեղադրելու մտահղացումը, ըստ էության, ավարտուն տեսք է հաղորդվել ազգային ազատագրական պայքարի հերոս Գևորգ Չավուշի թանգարանին:

004 001 009

Շնորհակալություն հայտնելով Տարոն Մարգարյանին նախաձեռնության համար՝ տոնախմբության մասնակիցները նաև ընդգծել են, որ արծվի քանդակի տեղադրումը կիսատ գործն ավարտին հասցնելու պարտքի կատարում էր նախնիների հոգու առջև, ինչն իր հերթին նաև սերունդների հայեցի դաստիարակության խորհուրդ է կրում իր մեջ: Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծաղիկներ է դրել հերոս ֆիդայու զարմիկի՝ Գևորգ Մելքոնյանի շիրիմին, ում անմիջական ջանքերով էլ ստեղծվել է թանգարանը։ Շնորհավորելով տոնի մասնակիցներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարևորել է այն հանգամանքը, որ տարեցտարի ընդլայնվում է տոնախմբության՝ տարբեր սերունդների մասնակիցների թիվը. «Հատկապես մշեցիների և սասունցիների կողմից մայիսի 27-ին մեծ ֆիդայապետ Գևորգ Չավուշի մահվան օրը որպես ոգեկոչման տոն նշելը երկար տարիներ ավանդույթ է եղել: Սա պատմության այն եզակի դեպքերից է, երբ հերոսի մահվան օրը վերածվում է իսկական տոնի և համազգային տոնախմբության: Ու հատկապես վերջին 2-3 տարիներին առավել վերաիմաստավորված է նշվում այս տոնը, ինչի վառ ապացույցն է նաև հազարավոր մարդկանց այցելությունը Աշնակ: Այս օրը առիթ է մեկ անգամ ևս հիշելու և գնահատելու իսկապես հերոս ֆիդայապետին ու նրա հերոսական մահվան օրինակով հայրենասիրության իսկական դասեր առնելու, առավել ևս, որ ճակատագրի բերումով Գևորգ Չավուշի մահվան օրը մեր պատմության մեկ այլ հերոսական էջի՝ Սարդարապատի ճակատամարտի նախօրեին է: Ինձ համար հատկապես շատ ուրախալի է, որ տոնախմբությանը տարեցտարի ավելի ու ավելի շատ երիտասարդներ, նաև դպրոցականներ են մասնակցում, ինչի արդյունքում, համոզված եմ, Չավուշի ու մեր մյուս հերոսների հայրենասիրական ոգին փոխանցվում է նաև նրանց, ինչը նրանք հաստատապես կփոխանցեն նաև մեր հետագա սերունդներին: Այս տարի նաև իրականացրեցինք Գևորգ Չավուշի թանգարանի հիմնադիրների երազանքը, որը թանգարանը կառուցելիս կիսատ էր մնացել: Մեր մեծանուն ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը, ով նաև այս թանգարանի ճարտարապետն է եղել, ի սկզբանե նպատակ է ունեցել շենքի աշտարակին տեղադրել նաև հայացքը Էրգրին հառած ու թռիչքի պատրաստ արծվի քանդակ: Եվ ահա այսօր, ի ուրախություն բոլորիս, մենք իրականացրինք այդ մտահաղացումը և արծիվն, ինչպես տեսնում եք, իր տեղում է: Ու տա՛ Աստված, որ շուտ գա այն օրը, երբ մեր անկոտրում կամքի խորհրդանիշ արծիվը իրոք կթռչի դեպի Էրգիր՝ հետ նվաճելով մեր պապենական հողն ու ջուրը», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Մինչև ուշ երեկո համերգային ծրագրով ուղեկցվող տոնախմբության շրջանակում աշնակցիներին ու Աշնակ այցելած հայորդիներին ազգային, հայրենասիրական երգ ու պարով ողջունել են մայրաքաղաքից ժամանած հայտնի երգիչներն ու համույթները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031