Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի ելույթն ուղղված չէր «մի մարդու դեմ, ով 68 տարեկանում ինքն իրեն քաղաքական թոշակի է ուղարկել». Էդուարդ Շարմազանով

Մայիս 27,2014 13:58

Սերժ Սարգսյանը իր ելույթում կարեւորել է Սահմանադրական բարեփոխումների դերը եւ շատ հստակ է, որ դրանք իրականացվում են այն պատճառով, որ ՀՀ-ում կա համակարգային փոփոխությունների անհրաժեշտության կարիք: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը`նկատելով, որ համակարգային փոփոխություններն առանց սահմանադրական բարեփոխումների հնարավոր չէ իրականացնել:

Բանախոսը էական է համարում նաեւ նախագահի դիտարկումը, որով կարեւորվում է քաղաքացիական հասարակության դերակատարությունը: Հարցի կարեւորությունը ՀՀԿ-ում առավել են ընդգծում, երբ ՀՀ քաղաքացիները նշում են, որ «մենք ենք տերը մեր երկրի»:

Անդրադառնալով լրագրողներից մեկի հարցին, որ մամուլում հրապարակումներ եղան այն մասին, թե Սերժ Սարգսյանը, փաստացի, բացառել է արտահերթ ընտրությունների անցկացումը՝ շեշտը դնելով առաջիկա համապետական ընտրությունների վրա, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Բայց կա՞ն արդյոք արտահերթ համապետական ընտրությունների անցկացման համար համապատասխան նախապայմաններ»,- ու շարունակեց. «Ես գոնե կառավարության ծրագրի քննարկման ժամանակ չտեսա, որ որևէ ուժ խոսի համապետական արտահերթ ընտրությունների մասին և մեկ-երկու հոգու քաղաքական կապրիզով չի արվում: Կա նոր կառավարություն, նոր կառավարության առջև կան նոր մարտահրավերներ, կա նոր վարչապետ և քաղաքական մեծամասնությունը` նախագահի գլխավորությամբ պետք է ամեն ինչ անի, որպեսզի լուծի այն բոլոր խնդիրներն ու մարտահրավերները, որոնք ծառացած են մեր հասարակության առջև: Իսկ արտահերթ կամ ոչ արտահերթ ընտրությունները որևէ մեկի ցանկությամբ չեն տեղի ունենում, դրանք պատվերով համերգ չեն»:

Ավելին, ըստ Էդուարդ Շարմազանովի, կառավարության ծրագրի քննարկումը խորհրդարանում ցույց տվեց, որ Հայաստանում ոչ հեղափոխական իրավիճակ է, ոչ էլ արտահերթ ընտրությունների կարիք կա. «Ինչպես նախագահը նշեց` այսօր ոչ թե նախընտրական ճառեր, գեղեցիկ-պուպուշ բառեր ասելու ժամանակն է, այլ այսօր գործելու ժամանակն է, ժողովրդի մատից փուշ հանելու ժամանակն է»:

Ի դեպ, ՀԱԿ որոշ անդամներ կարծիքներ էին հնչեցրել, որ Սերժ Սարգսյանի ելույթը ուղղված էր Լեւոն Տեր- Պետրոսյանի դեմ: Լրագրողներից մեկի այդ դիտարկմանն էլ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Ես պարզապես իրենց կարող եմ պատասխանել որ նախ հանրապետության նախագահի ելույթը ուղղված չէր որեւէ մեկի դեմ, առավել եւս մի մարդու դեմ, ով 68 տարեկանում ինքն իրեն քաղաքական թոշակի է ուղարկել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031