Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. ՀՀԿ-ն «վերմակն իր վրա չի վերցնում» (Տեսանյութ) 

Մայիս 27,2014 13:48

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը միանգամայն բնական է համարում, որ ՀՀԿ 15-րդ համագումարում Սերժ Սարգսյանի ելույթի արձագանքները կլինեն տարբեր: Ավելին, նա կարծում է, որ «մարդիկ հպանցիկ են ծանոթացել նախագահի ելույթին եւ միանգամից չեն հասկացել, որովհետեւ ելույթը գաղափարախոսական էր, ֆունդամենտալ եւ մեկ փաթեթի մեջ ընդգրկված էր, թե սահմանադրական բարեփոխումների, թե երկբեւեռ քաղաքական համակարգի անցման, թե իշխանություն-ընդդիմություն, թե ներկուսակցական խնդիրներին, թե քաղաքացիական հասարակության կարեւոր դերակատարմանը»: Այսօր այդ մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նա`մեկնաբանելով ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանի ելույթի արձագանքները: Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ նախագահի ելույթը ժամանակի պահանջից ելնելով չէր, այն ոչ միայն այսօրվան էր վերաբերում, այլ նաեւ ապագա քաղաքական զարգացումներին`նախանշելով դրանք:

ՀՀԿ առաջնորդը կարեւորել է կուսակցության դերակատարումը հասարակական- քաղաքական կյանքում եւ պետք է արձանագրել որ Մելիք- Ադամյան փողոցում գտնվող քաղաքական կուսակցությունը` ՀՀԿ-ն, շարունակում է մնալ ՀՀ –ի ամենաազդեցիկ քաղաքական ուժը`կարծում է Էդուարդ Շարմազանովը`հավելելով. «Եվ ՀՀԿ-ն է հիմնական պատասխանատուն ՀՀ-ում բոլոր տեսակի բարեփոխումների համար, ուստի որպեսզի այդ բարեփոխումները լինեն ավելի արդյունավետ, եւ հասարակ քաղաքացին իր վրա զգա այդ բարեփոխումների արդյունավետությունը, պետք է Մելիք- Ադամյան երկուսից մինչեւ Մեղրի, մեր բոլոր գրասենյակները աշխատեն օրնիբուն, յուրաքանչյուր կուսակցական պետք է խողովակ հանդիսանա քաղաքացու եւ իշխանության միջեւ»: ԱԺ փոխխոսնակը բնավ էլ պատահական չի համարում նախագահի բերած այն օրինակը, հեռավոր մարզում մի քաղաքացի ունի կտուրը սարքելու կամ այլ խնդիր, ապա պետք է նա ոչ թե ծանոթ- բարեկամ գտնի իշխանության մեջ, այլ պետք է գնա եւ դիմի ՀՀԿ գրասենյակ: Էդուարդ Շարմազանովի մեկնաբանությամբ, Սերժ Սարգսյանը իրենց հստակ ժամկետ է տվել, որպեսզի իրենք կարողանան վերափոխվել եւ բարեփոխվել, որպեսզի հասարակությունը կոնկրետ իր խնդիրները տեսնի Հանրապետական կուսակցության միջոցով: «Որովհետեւ գնալով մենք թեւակոխում ենք հորիզոնական ցանցային համակարգը, որտեղ կտրուկ նվազելու է մեկ մարդու, թեկուզ առաջնորդի դերը եւ կտրուկ ավելանալու են քաղաքական կուսակցությունների դերը: Երբ ասում են քաղաքական կուսակցությունների, ոչ միայն ՀՀԿ-ի, պետք է ավելանան բոլոր քաղաքական ուժերի եւ այս առումով շատ կարեւոր է, որ նախագահը իր ելույթում նշեց, որ մենք անցում ենք կատարելու եւ աստիճանաբար գնում ենք երկբեւեռ քաղաքական համակարգի»,-կրկին նկատեց նա:

ԱԺ փոխխոսնակը նաեւ հստակեցրեց, որ երկբեւեռ ասելով նկատի ունեն, որ պետք է լուրջ, գրեթե հավասարազոր դերակատարում ունենան թե իշխանությունը եւ թե ընդդիմությունը, քանի որ մեկն առանց մյուսի չի կարող լիարժեք գործել. «Գոնե մեզ համար անհասկանալի են որոշ այն վերլուծաբանների գնահատականները, որ այստեղ վերմակը մենք վերցնում ենք միայն մեր վրա եւ կարեւորում ենք միայն մեր դերը,ոչ, այդպես չէ: Նախագահը իր ելույթում կարեւորեց ընդդիմության դերը եւ նախ եւ առաջ հստակեցվեցին խաղի կանոնները, մենք կոռեկտ, համերաշխ համագործակցության կողմնակիցն ենք, մենք գտնում ենք, որ ՀՀ-ում բոլոր խնդիրները պետք է լուծվեն կլոր սեղանի շուրջ` երկխոսության միջոցով: Մենք գտնում ենք, որ մենք կիսելու հայրենիք չունենք, մենք բոլորս մի նավի անդամներ ենք»,-ասաց Էդուարդ Շարմազանովը:

Մանրամասները` տեսանյութում

 

 

Շարմազանովի գնահատմամբ՝ ընդդիմությունը իշխանության թշնամին չէ, հակառակորդը չէ, քանի որ բոլորն են ուզում ունենալ ժողովրդավարական եւ զարգացած Հայաստան:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031