Մայիսի 24-ին Վրաստանի Թեքալի գյուղում կայացած հասարակական լսումների ժամանակ ադրբեջանցի գրող Բախտիար Հիդայեթը եւ Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեպար գյուղի դպրոցի նախկին տնօրեն Նվեր Բեգլարյանը նստել էին կողք կողքի: Նրանք 22 տարի առաջ ապրել են իրար գրեթե կպած գյուղերում: Բախտիարը 40 տարեկան է, այժմ բնակվում է Ղազախ քաղաքում: Հիդայեթը եղել է Հայաստանի տարածքում անկլավ հանդիսացող, խորհրդային տարիներին Ադրբեջանի ենթակայության տակ գտնվող Յուխարի Աքսիբարա(թագմանաբար՝ Վերին Ոսկեպար) գյուղի բնակիչ: 1992թ. մարտական գործողությունների պատճառով այդ գյուղի բնակիչները ստիպված թողել են տները, հեռացել Ղազախ: Բախտիարը հանդես է գալիս Իլհամ Ալիեւի իշխանության դեմ ելույթներով եւ ստեղծագործություններով: Նա Ոսկեպար գյուղի բնակիչ Նվեր Բեգլարյանի հետ ընկերացել է սոցիալական ցանցում: Նրանք մայիսի 24-ին իրար առաջին անգամ էին հանդիպում, սակայն նախկին հարեւանների միջեւ լավ հարաբերություններ են ստեղծվել: Թեքալիում Հիդայեթը հակիրճ ներկայացրեց իր 3 պատմվածքները, որոնք խաղաղասիրական ուղղվածություն ունեն:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Նկարում՝ Բախտիար Հիդայեթը (ձախից)եւ Նվեր Բեգլարյանը