ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ վերջերս հայտարարեց «Անսահման հիփ-հոփ» մրցույթի մեկնարկի մասին, որն իրականացվում է ԱՄՆ պետքարտուղարության հիփ-հոփ պարերի Sea2Sea տարածաշրջանային նախագծի շրջանակում: Հայաստանում մրցույթի մասնակցության հայտ են ներկայացրել 16-26 տարեկան շուրջ 84 ՀՀ քաղաքացի, ովքեր հիփ-հոփի սիրահար են (breakin’, poppin’, lockin’ կամ այլ պարային ոճեր):
Մայիսի 23-28-ը Միացյալ Նահանգներից Հայաստան է ժամանել Soul Street Dance Company պարային քառյակը, ովքեր ընդգրկված են մրցույթի ժյուրիի կազմում և անցկացնում են վարպետության դասեր տեղի հիփ-հոփ պարողների ու Թումոյի սաների համար: Soul Street Dance Company-ին նաև կընտրի այս ոճի լավագույն պարողներին, ովքեր կմասնակցեն հուլիսին Բաթումում (Վրաստան) կայանալիք տարածաշրջանային պարի ակադեմիային:
Մայիսի 28-ի գալա ներկայացմանը մասնակցելու համար նախընտրական փուլեր տեղի ունեցան Երևանում մայիսի 23-ին, իսկ մայիսի 24-ին՝ Վայքում և Չարենցավանում: Հայտագրված մասնակիցները մրցեցին հիփ-հոփ պարային ոճում, և այդ երեք քաղաքներից ժյուրին ընտրեց 19 լավագույն պարողներին, ովքեր հրավիրվեցին Երևան մասնակցելու Soul Street Dance Company-ի վարպետության դասերին և նախապատրաստվելու մայիսի 28-ին Թումո պլազայում կայանալիք գալա ներկայացմանը: Այս եզրափակիչ միջոցառման ընթացքում Soul Street Dance Company պարային քառյակը Հայաստանի լավագույն հիփ-հոփ պարողների հետ միասին կներկայանա հանդիսատեսին, ընդ որում որոշ կատարումներ կընթանան Թումոյի մի խումբ սաների կողմից մշակված հիփ-հոփ երաժշտության ուղեկցությամբ:
Եզրափակիչ ներկայացումից հետո Soul Street Dance Company-ի կողմից կընտրվի տեղացի պարողների մի խումբ, ովքեր, որպես երիտասարդական դեսպաններ, տարածաշրջանի մյուս ներկայացուցիչների հետ միասին, հուլիսին հանդես կգան Բաթումում:
ԱՄՆ դեսպանություն