Լրահոս
Օրվա լրահոսը

«Խորհուրդ կտամ Սերժ Սարգսյանին ֆեյքի տեսքով մտնել ֆեյսբուք եւ ճիշտը իմանալ». Զոյա Թադեւոսյան

Մայիս 27,2014 13:03

«Տիգրան Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի կառավարությունների ծրագրերը չեն տարբերվում: Որոշ տարբերություններ, իհարկե, կան, այս ծրագրում տարբերվում է հայ մարդու ազատությունները, շատ կարեւոր տեղ է տրվում մարդու, այո՛ մարդը բարձրագույնն արժեք է: Բայց մեկ մարդով չէ, որ ծրագիր է իրականացվում, միայն Հովիկ Աբրահամյանով չի պայմանավորված: Կառավարության մեջ կան մարդիկ, որոնք երբեւէ իրենց վստահված ոլորտում հաջողություններ չեն գրանցել, բացի անձնական ունեցվածքի դիզումից, բացի թալանից ու հափշտակումից: Այդպիսի մարդկանց հետ ճանապարհ գնալ, թեկուզ նրանց թիվը կառավարության մեջ 1-2 լինի, բայց նրանց վստահել գործ՝ չեմ համարում, որ ճիշտ է: Ծրագիր գրելը դժվար չի, ամենադժվարը դա իրականացնելն է: Չեմ կարծում, որ այս կառավարությունը հրաշքներ կգործի: Մարդը չի փոխվում, հատկապես՝ 70 տարեկանում»,- այսօր «Բլից ինֆո» մամուլի ակումբում Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ տարբերություն կա Հովիկ Աբրահամյանի կառավարության նոր ծրագրի եւ Տիգրան Սարգսյանի կառավարության ծրագրերի միջեւ՝ այսպես պատասխանեց ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադեւոսյանը:

Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս կմեկնաբանեք Սերժ Սարգսյանի հավաստիացումները ՀՀԿ-ի 15-րդ համագումարի իր ելույթում, որ ՀՀԿ-ի նկատմամբ ընկալումները հասարակության մեջ փոխվել է, հատկապես՝ երիտասարդների, ասաց, որ մեծ հոսք կա դեպի ՀՀԿ: Տիկին Թադեւոսյանն ի պատասխան ասաց. «Ես խորհուրդ կտամ Սերժ Սարգսյանին ֆեյքի տեսքով մտնել ֆեյսբուք եւ ճիշտը իմանալ, կարդալ, թե ինչ են գրում իր մասին եւ իր կուսակցության մասին: Որ մտնի կարդա՝ ճիշտը կիմանա: Ինքը ուղղակի չգիտի, ինքը կարծես թե միշտ սավառնում է երկնքում՝ հրեշտակի թեւերով»:
Մեր հարցին՝ Սերժ Սարգսյանը նաեւ ասում է, որ ՀՀԿ-ից լավ ոչ ոք չի կարող քաղաքական ուժերից այդ ահռելի գործը կատարել՝ Զոյա Թադեւոսյանը պատասխանեց. «Բայց ինքը ի՞նչ գիտի՝ Հայաստանում ի՞նչ կուսակցություններ կան, ինչո՞վ են զբաղված:

Գիտի՞, խաբա՞ր է, տեղյա՞կ է: Ես կարծում եմ, որ տեղյակ չէ: Նա ոչնչից տեղյակ չէ: Գրված տեքստը գրել են, կարդում է մարդը, հիմա ի՞նչ եք ուզում: Հստակ չէ՞, որ ինքը չի գրել: օրինակ, դուք կկարդա՞ք ուրիշի գրած տեքստը, ես չեմ կարդա: 40 տարի դասավանդում եմ, երբեք ոչ մեկի գրած դասախոսությունից մեկ տող չեմ արտասանի: Ես միշտ աշխատել եմ կարդալ այն, ինչը ես եմ իմ քրտինքով վաստակում: Եթե գրեն տան, ասեն կարդա՝ կհրաժարվեմ: Ես պետք է գրեմ՝ մտածելով: Երբ նրան լսում ես, թվում է, թե մենք Սինգապուրում ենք ապրում: Մեր ամենահրեշտակային երազներում Սինգապուր չենք ունենալու, գոնե առաջիկա 20 տարում, եթե այդ կուսակցությունը լինի: Ինչպես իրենք են ասում՝ առաջիկա 20 տարում աշխարհը սկսելու է Մելիք Ադամյան փողոցից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031