«Մեկ անգամ չէ, որ ասել եմ` հանցագործությունը, օրենքի խախտումը, զանցանքը կուսակցական պատկանելիություն չունի: Եվ ես չեմ ողջունում երբեք մեր գործընկերների այն գնահատականները, որ հանցագործություն կատարողին բաժանում են ընդդիմադիր կամ իշխանամետի, «բարգավաճի» կամ հանրապետականի: Ի՞նչ կապ ունի կուսակցական պատկանելությունը»,- այսօր խորհրդարանում, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ ՀՀԿ-ական փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդու կողմից մարդկանց ծեծի ենթարկելու միջադեպին:
Հիշեցնենք, երեկ ահազանգ հնչեց մայիսի 25-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդիների կողմից հերթական աղմկոտ միջադեպի մասին: Նրանք մարդ էին ծեծել եւ առեւանգել:
Aravot.am-ը հետաքրքրվեց`մի կուսակցությունը չի՞ կարողանում զսպել մեկ անձի, ում անվան հետ անընդհատ ինչ-որ աղմկոտ միջադեպեր են նկատվում:
ԱԺ փոխխոսնակը կարծում է, որ մարդիկ լինում են օրինապահ և օրինախախտ, կա իրավապահ համակարգ և իրավապահ մարմինները, անկախ նրանից, թե ովքեր են այդ զանցանքի կամ հանցանքի գործող անձինք, պետք է պատժեն օրենքի ողջ խստությամբ. «Ես տեղյակ չեմ խնդրի մանրամասներին, չեմ էլ հավակնում որևէ իրավական գնահատական հնչեցնել, որովհետև իրավական գնահատականները պետք է հնչեցնեն իրավական մարմինները, բայց որպես քաղաքական գործիչ, որպես կուսակցության ղեկավար կազմի ներկայացուցիչ ևս մեկ անգամ հստակ ամրագրում եմ մեր դիրքորոշումը` այո, բոլոր նրանք, ովքեր խախտում են ՀՀ օրենքն ու Սահմանադրությունը պետք է պատժվեն օրենքի խստությամբ` անկախ նրանից իմ բարեկամն են, թե ընդդիմության ներկայացուցիչների բարեկամն են»:
Շարմազանովը հիշեցրեց, որ պատահական չէր, որ հանրապետության նախագահն էլ ՀՀԿ 15-րդ համագումարի իր ելույթում նշեց, որ մեր պետականության հիմնական հիմնասյունները ժողովրդավար արժեքներն են և իրավական պետության գաղափարը. «Իսկ դա լոկ խոսքեր չեն, մենք առաջ ենք շարժվելու այդ ուղղությամբ, որպեսզի Հայաստանը իրոք լինի իրավական պետություն և աստիճանաբար ժողովրդավար արժեքները լինեն կայացած»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
լոկ խոսքեր չեն????? Հիշեք էլի…. Սերժ Սարգսյանը խոսեց ուժի կիրառման անթույլատրելիության մասին եւ օրեր անց ծեծեցին լրագրող Էդիկ Բաղդասարյանին…. Լոկ խոսքեր են… Եթե լոկ խոսքեր չեն, թող Սաշիկին զսպի, Լիսկային զսպի, Թոխմախին զսպի եւ այսպես շարունակ…………..