Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Իշխանությունը պատրաստ է ընդդիմությանը վերահսկողական լիազորություններ տալ`սահմանների մեջ

Մայիս 27,2014 12:39

«Իհարկե որոշակի վերահսկողական լիազորություններ ընդդիմությունը պետք է ունենա, թեև չեմ կարող ասել, որ ընդդիմությունն այսօր բացարձակապես չունի այդ լիազորությունը: Խնդիրը սահմաններն են»,- այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը` խոսելով սահմանադրական բարեփոխումների մասին:
Նրա կարծիքով, ընդդիմության լիազորությունները պետք է ընդլայնվեն, բայց ի՞նչ սահմաններում` առանձին քննարկման հարց է: Այն, ի դեպ, արդեն քննարկվում է`ասաց բանախոսը:

Ինչ վերաբերում է կոնկրետ մարմիններում ընդդիմությանը վերահսկողական լծակներ տալուն, ինչի մասին քանիցս բարձրաձայնեցին ընդդիմության ներկայացուցիչները, մասնավորաբար, Վերահսկիչ պալատում, Դավիթ Հարությունյանն ասաց, որ տեսականորեն ոչինչ բացառել պետք չէ եւ իշխանությունն էլ պատրաստ է քննարկումների: «Այստեղ պետք չէ հեծանիվ հայտնագործել, հարկավոր է ուղղակի ծանոթանալ այլ երկրների փորձին, ընդ որում այն երկրների, որոնք գտնվում են կուսակցությունների կայացման այն փուլում, որում մենք ենք գտնվում: Եվ շարժվենք ըստ այդմ»,- ասաց բանախոսը:

Դավիթ Հարությունյանը հավելեց, որ խնդիրը միայն ընդդիմության մեջ չէ և իր խոսքում ընդդիմության հասցեին մեղադրանք չկա: «Ցանկացած «չկայացած» բառակապակցություն, որ ես օգտագործում եմ՝ վերաբերում է քաղաքական դաշտին և հավասարապես բոլոր կուսակցություններին: Մենք դեռևս չենք կարողացել կայացնել մեր քաղաքական դաշտը: Դա գաղտնիք չէ և նախագահի ելույթում էլ է հնչել այդ մասին»:
Օրինակներ բերելով համաշխարհային փորձից, Դավիթ Հարությունյանը նկատեց, որ կա նաեւ հակառակ միտումը`շատ զարգացած երկրներում քաղաքականությունն արդեն պակաս հետաքրքիր է և ավելի մարգինալ տարրեր են սկսում զբաղվել քաղաքականությամբ, իսկ հասարակության զգալի մասն էլ կորցրել է հետաքրքրությունը դրա նկատմամբ:

Ինչ վերաբերում է ՀՀԿ 15-րդ համագումարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթում կարևորած երկբևեռ քաղաքական դաշտի կայացմանը, Դավիթ Հարությունյանն ասաց, որ դա միշտ չէ, որ նշանակում է երկկուսակցական համակարգ և այստեղ խոսքը, թերևս, երկու տարբեր ուղղությունների մասին է, որոնք ներկայացված կլինեն կոալիցիայով, մի խումբ կուսակցություններով, բայց ակնհայտորեն կերևա, թե այդ որ երկու կուսակցական խմբերն են: Թեև ավելացրեց, որ դա չի նշանակում, թե որևէ կուսակցություն չի կարող մի բևեռից մյուսն անցում կատարել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031