Այսօր «Բլից ինֆո» մամուլի ակումբում ՀԱԿ-ի վարչության անդամ Զոյա Թադեւոսյանը հայտարարեց, որ Հայաստանը բիզնես նախագիծ է: Ինչպես ընկերություններն են փակվում, սնանկանում, այդպես էլ Հայաստանն է սնանկանում. «Կորցնում ենք ամենաթանկ ռեսուրսը՝ մարդկային ռեսուրսը: Սպառումը կճատվում է, ՀՆԱ-ն կրճատվում է, նվազում են դրամական փոխանցումները, որոնցով կառավարությունը տարիներ շարունակ հպարտանում էր: Էականորեն նվազել են ներդրումները: Օտարերկրյա ներդրողները Հայաստանով հետաքրքրված չեն: Ճար կա իրավիճակը փոխելու: Ներդրումային դաշտը պետք է դառնա գայթակղիչ: Արտոնությունների հսկայական համակարգեր գոյություն ունեն: Գիտակ կառավարությունը, եթե ունենք այդպիսի կառավարություն, կարող է ձեռնարկել քայլեր»:
Aravot.am-ը հետաքրքրվեց՝ կառավարության նոր ծրագրում ներդրումային հիմնադրամների հետ կապված խոստում կա, որը շատ ողջունեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Դա ի՞նչ կտա Հայաստանին՝ Զոյա Թադեւոսյանը պատասխանեց. «Պարոն Բագրատյանը չի նեղանա, եթե ասեմ, որ համամիտ չեմ եւ չեմ կիսում այդ կարծիքը: Ինչպես հայաստանյան փորձը ցույց է տալիս, ցանկացած հիմնադրամ սպասարկում է կորպորատիվ շահեր, ինչ-որ մարդկանց է սպասարկում: Ցանկացած ներդրող, որը շահագրգռված կլինի ՀՀ-ում ներդրումներ կատարել, հիմնադրամների կարիք չկա, ինքը պետք է լինի իր ներդրումների վերահսկողը: Հիմնադրամի արդյունավետության խնդիրը խիստ սուբյեկտիվ է»:
Տիգրան Սարգսյանին դիվանագիտական աշխատանքի նշանակելու հետ կապված տիկին Թադեւոսյանն ասաց, որ եթե մեկին պաշտոնից ազատել են ձախողումների համար եւ նրան հիմա վստահել մեկ այլ ոլորտ՝ սխալ է. «Թալանի են ենթարկվել պետական միջոցները, գրպանվել են, ծախսվել են անարդյունավետ: Այդպիսի պաշտոնյայի պետք է ենթարկել քրեական պատասխանատվության: Անպատժելիությունը ծնում է անպատժելիության արարքներ գործելու այլ հիմքեր եւ օրենքից վեր կանգնած մարդիկ: Չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը կհամաձայնի իմ հետ, նրանք թիմային մտածողության մարդիկ են, իրար հետ եկել են, իրար հետ էլ կգնան»:
Հարցին՝ Տեր-Պետրոսյան-Ռոբերտ Քոչարյան հանդիպման մասին շատ են խոսում, հնարավո՞ր է Մարտի 1-ը մի կողմ թողնել եւ հանդիպել երկրորդ նախագահի հետ՝ նա պատասխանեց. «Ես մեկն եմ այն քաղաքականացված անձանցից, ով Ռոբերտ Քոչարյան անունը լսելու ցանկություն չունի: Այդպիսի անձինք պետք է պատժվեն ամենախստագույն օրենքներով, նրանց անունը պետք է բարեպաշտ մարդկանցից չհնչի, այդ թվում նաեւ ձեզանից, սիրելի՛ լրագրողներ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Միանշանակ պիտի պատասխան տա ու ոչ միայն Տիգրա ը Օվշորի սկանդալի ․․․շատերը կան անուններ չեմ թվարկում