ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի եւ Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի ուղեկցությամբ մայիսի 26-ի երեկոյան այցելել է Գավառի Հացառատ թաղամաս:
Փոխվարչապետը հանդիպել է բնակիչների հետ, լսել նրանց մտահոգող խնդիրները: Հիշեցնենք, որ մայիսի 15-ին Ա. Գեւորգյանն ընդունել էր հացառատցիներին եւ խոստացել, որ առաջիկայում կայցելի եւ տեղում կծանոթանա խնդրին:
Մինչեւ բնակիչների հետ հանդիպումը, փոխվարչապետն այցելել է թաղամասում գտնվող՝ Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել:
Փոխվարչապետի հետ հանդիպմանը բնակիչները հիմնականում դժգոհել են Գավառի քաղաքային իշխանությունների կողմից թաղամասի նկատմամբ անուշադրությունից եւ առաջարկել են թաղամասին ինքնուրույն համայնքի կարգավիճակ տալ: Նրանք մասնավորապես նշել են, թե թաղամասի բնակիչների կողմից տեղական բյուջե փոխանցվող հարկային միջոցներն ու համայնքի բյուջեից թաղամասի համար հատկացվող գումարներն անհամաչափ են: Բնակիչները դժգոհել են նաեւ թաղամասում ճանապարհների, մանկապարտեզի անմխիթար վիճակից:
Փոխվարչապետը բնակիչների ուղեկցությամբ շրջայց է կատարել թաղամասում, այցելել մանկապարտեզ, ծանոթացել շենքային պայմաններին: Արձանագրվել է, որ ոչ բարվոք վիճակում գտնվող շենքը համալիր վերանորոգման կարիք ունի:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ բնակիչների, ինչպես նաեւ Տարածքային կառավարման նախարարության եւ մարզպետարանի ներկայացուցիչներից կստեղծվի աշխատանքային խումբ, որը կարձանագրի բոլոր խնդիրները եւ կփորձի լուծումներ առաջարկել:
Փոխվարչապետը խոստացավ նաեւ, որ առաջիկայում համապատասխան մասնագետներ կգործուղվեն Գավառ՝ համայնքի բյուջետային գործընթացները տեղում ուսումնասիրելու համար:
Կարդացեք նաև
Հասարակայնության հետ կապերի բաժին