Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է «ռուսերեն աղմկում գետը». «Իրատես de facto»

Մայիս 27,2014 11:46

Ինձ համար, ինչպես ցանկացած նորմալ հայ մարդու, մեղմ ասած, վիրավորական էր Հայոց ցեղասպանության տարելիցից օրեր առաջ՝ ապրիլի 17-ին, «Հ1» հեռուստաընկերության եթերում դիտել «Ինչու է աղմկում գետը» ֆիլմի մի տարբերակ, որում Արմեն Մանուկյանը (Ֆրունզե Դովլաթյանի մարմնավորած կերպարը) ֆիլմի վերջնամասում իր սիրած աղջկա՝ Սեդայի անունը գյուղական տան պատին ածուխով գրում է ոչ թե մեսրոպյան տառերով, ինչպես տեսել եմ իմ մանկությունից սկսած, այլ խզբզած ռուսերեն տառերով։

Այս մասին իր մտահոգությունն է հայտնում Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ, «Իրատես de facto»-ի «Եվ ոչ միայն մշակույթ» բաժնի վարող ԿԱՐԻՆԵ ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ. «Ես, ապավինելով տրամաբանելու իմ պարզ կարողությանը, երկու պատճառ կարող եմ տեսնել կատարվածի համար, կա՛մ դա անփույթ վրիպումի արդյունք է (մի բան, որ տխուր է), կա՛մ օտար հովերին նախապատվություն տալու քաղաքականություն (մի բան, որ առավել քան տխուր է): Սեփական ինքնությունը մերժելով օտարին հաճոյանալը նույն այդ օտարի աչքում արհամարհելի դառնալու և ինքնաոչնչացումի ամենահավաստի ուղին է: Ու մեզ դրանից դարեր շարունակ փրկել են մեսրոպատառ գիրը, շարականահունչ մեղեդիները, թամանյանակերտ շինություններն ու այսօրինակ այլ նշխարներ։ Ոմանք երբեմն մոռանում են այդ մասին, ահա՛ թե ինչու է աղմկում գետը»։

Խնդրի առիթով իր տեսակետը հայտնեց նաև դերասան ԿԱՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ։ «Ես ինչքան հիշում եմ, խորհրդային ժամանակներում, երբ այդ ֆիլմը եթեր էր գնում հեռուստատեսությամբ, հայտնի տեսարանում ֆիլմի գլխավոր հերոսը պատի վրա գրում է հայերեն:

Ֆիլմը նայելիս միշտ սպասում էինք այղ տեսարանին, որովհետև հուզիչ տեսարան է, և ռեժիսորական շատ լավ աշխատանք է արված։ Պարզվեց՝ կա ֆիլմի մեկ այլ տարբերակ»։
Դերասանի կարծիքով՝ համապատասխան մասնագետները գուցե այդքան ուշադիր չեն եղել, կամ եթեր գնացած տարբերակն ավելի որակով է եղել։ «Այդքանը հասկանալի է, ինձ ավելի շատ երևույթն է վրդովեցնում։ Առանց այն էլ մեր լեզվի նկատմամբ հարգանքով չենք վերաբերվում, և հիմա այդ հարցն ընդհանրապես ընկած է գետնի վրա, ով ասես տրորում է։ Ես Փարիզում իտալական օպերա էի նայում, չնայած օպերայում դրա կարիքը չկա, բայց վերևում ֆրանսերեն գրվում էր երգի տեքստը։ Իհարկե, դա պետության միջամտությունն էր, ինքնագործունեություն չէր»։

Կարեն Խաչատրյանը նկատեց, որ համատարած ռուսերենացում է նկատում Հայաստանում, ինչն էլ հանրահայտ ֆիլմի հետ կապված դիպվածն այդքան ակնառու է դարձնում։

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031