Լրահոս
Օրվա լրահոսը

Բարձրաստիճան պաշտոնյաների ծախսերի գաղտնիությունը կրկին կրքեր բորբոքեց

Մայիս 27,2014 11:41

ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանն այսօր խորհրդարանում 2013 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ խոսեց բարձրաստիճան պաշտոնյաների ծախսերի գաղտնիության մասին:

Հիշեցնենք, որ վերջերս խորհրդարանում ընդունվեց կառավարության նախագիծը`«Գնումների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, համաձայն որի, գաղտնի են դարձել ՀՀ նախագահի, ՀՀ Ազգային ժողովի նախագահի, ՀՀ վարչապետի կեցության, սննդի եւ տրանսպորտային սպասարկման, ինչպես նաեւ արարողակարգերի իրականացման համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները եւ ծառայությունները:

Հովհաննես Մարգարյանը կարծիք հայտնեց, որ հասարակությունը պետք է իրազեկված լինի այդ ծախսերի մասին, որպեսզի նաեւ պետական համակարգի թափանցիկության մասին հնարավոր լինի խոսել:

«Դա այն հարցն է, որ պետք է գտնենք ճիշտ սահմանագիծը, թե որ մասը կարող է վտանգ ներկայացնել անվտանգությանը: Բայց բուն ծախսերը չպետք է լինեն գաղտնի, պետք է լինեն աղբյուրները: Մենք կաշխատենք այդ ուղղությամբ մինչև օրենքի երկրորդ ընթերցում»,- իր պատասխանում ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Նա ներկայացնում էր կառավարության ծախսերի հաշվետվությունը:

Հարց ու պատասխանին միջամտեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Նա հստակեցրեց, որ արարողակարգային ծախսերի մեջ գաղտնիություն չկա, դա հաստատվում է պետական բյուջեով, այդ ծախսերի վերաբերյալ հաշվետվություններ են ներկայացնում:
Հիշեցնենք,լիագումար նիստի քննարկումներում, տիկին Նաղդալյանը նույնպես պնդել էր, որ «ոչ մի բան, ի վերջո, գաղտնի չի մնալու»:

«Խնդիրը վերաբերում է ֆինանսավորման աղբյուրներին և այն, որ տեղեկատվությունը ժամանակից շուտ հայտնի չլինի հանրությանը, որ վտանգ չլինի»- հստակեցրեց ԱԺ փոխխոսնակը:

Նրան հակադարձեց Դավիթ Հարությունյանը. «Պետք է քայլեր ձեռնարկենք, որպեսզի հանրությունն ընթացքում ևս տեղյակ լինի ծախսերին, ոչ թե հաշվետվությունների ժամանակ իմանա: Պետք է մտածենք, թե որ մասն ենք սահմանափակում»:
Հարցի իրավունք խնդրելով`զրույցին միջամտեց նաեւ ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Նա սակայն, անդրադարձավ նախորդ թեմային, երբ Հերմինե Նաղդալյանը նախատեց պատգամավորին`գործուղումների վերաբերյալ հարցի համար: Պատգամավորն այդ ժամանակ հակադարձելու հնարավորություն չունեցավ, ուստի այժմ նկատեց, որ յուրաքանչյուր պատգամավորի իրավունքն է բարձրաձայնել հարցեր եւ ստանալ պատասխաններ, ինչն էլ ինքն արել է`չմասնավորեցնելով կոնկրետ օրինակով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031