Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Զուրաբյան. «Ես տեսնում եմ այն ժամանակները, երբ Սերժ Սարգսյանը կհայտարարի՝ «փնտրվում են հանրապետականներ». «168 ժամ»

Մայիս 27,2014 11:17
Ararat Zurabyan

Հատված ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի հարցազրույցից:

– Ձեր կարծիքով՝ ի՞նչ նկատի ուներ Ս. Սարգսյանն իր ելույթում, երբ Տավուշի մարզի Գոշ գյուղի բնակիչ Արծրուն Հովսեփյանի օրինակով հայտարարեց, որ նա չպետք է մտածի՝ ում և ինչպես դիմի, որ սողանքից տուժած բնակարանի հարցը լուծում ստանա, «այլ պետք է փնտրի իր շրջապատի հանրապետականին՝ վստահ լինելով, որ նրա օգնությամբ իր մեծ ու փոքր խնդիրները կմտնեն մշակվող և իրականացվող քաղաքականության օրակարգ»։

– Այս հայտարարության միակ դրական կողմն այն է, որ Արծրուն Հովսեփյանը գոնե հայտնի կդառնա ու իրենց տեղի իշխանությունները նրան նորմալ կվերաբերվեն՝ որպես իրենց շեֆի հիշատակմանն արժանացած մարդու։ Հանրապետականները, որոնք, ըստ Սերժ Սարգսյանի՝ պետք է փոխարինեն պետական ինստիտուտներին, այսօր ամենուր են՝ սկսած պալատական մտավորականներից, մինչև քրեական ու պսևդոքրեական հեղինակություններ, գումարած գրեթե ողջ պետական կառավարման համակարգը։ Բայց կյանքը, կոալիցիոն գործընկերների նման, փոփոխական հատկություններ ունի։ Ես տեսնում եմ այն ժամանակները, երբ իշխանությունը կորցնելուց հետո Սերժ Սարգսյանը նույն առոգանությամբ կհայտարարի՝ «փնտրվում են հանրապետականներ»։ Խիստ կասկածում եմ, որ մեծ թվով արձագանքողներ կլինեն։

– Ս. Սարգսյանը բավական դրական արտահայտվեց նաև նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հասցեին, ինչպես, ի դեպ, խորհրդարանում նրա ընդդիմախոսների մեծ մասը։ Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ վարչապետ
կլինի Հովիկ Աբրահամյանը, և արդյո՞ք արդարացված է նրա նկատմամբ այդչափ բարձր վստահությունը։

– Հովիկ Աբրահամյանի նկատմամբ վստահությունը, ինչպես և նրա հրապարակային գործունեությունը շատ նման է հայկական ավանդական ընտանիքներում հարգանքի արժանացող թամադայի նկատմամբ վստահությանը։ Մանավանդ, եթե թամադան ինքն է լցնում բոլորի գավաթները։ Որքան էլ ցավալի է, Հայաստանը կառավարվում է նման մակարդակով։ Ու երևի պատահական չպետք է համարել, որ Հովիկ Աբրահամյանի առաջին նախաձեռնություններից մեկը նախկին վարչապետների ակումբ ստեղծել էր։ Իհարկե, ֆորմալ առումով դրա ստեղծման նպատակներն այլ են ներկայացվում և բավական գեղեցիկ են հնչում, բայց կարծում եմ՝ այդ քայլի ենթագիտակցական մղումն ակումբի, ակումբային մտածողության հանդեպ այսօրվա իշխանությունների անդիմադրելի սերն է։ Իսկ Հայաստանում, ինչպես պարզվեց վերջերս, ակումբների նկատմամբ թուլություն ունեն ոչ միայն նրանք, ովքեր ըստ ընկալման՝ պետք է ունենային, այլև նրանք, ովքեր պետք է որ ակումբի մասին լսած էլ չլինեին։ Որոշները գեղի ակումբ են համարում այն քաղաքական ուժը, որը երկիր է կայացրել, ոմանք էլ՝ գիտակցական կյանքի տևական շրջանում գյուղական «ակումբները մշակութային զարգացման գագաթնակետ համարած լինելով՝ ինչ-որ տեղերից լսած բարեհունչ անվանումներով ակումբներ են բացում։

Զրուցեց Սարգիս ՂԱԶԱՐՅԱՆԸ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031