Երեկ Կրեմլի պաշտոնական կայքը հաղորդագրություն տարածեց մայիսի 29– ին Աստանայում սպասվող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի վերաբերյալ, ըստ որի, նոր ստեղծվելիք եվրասիական միության կազմ ձգտող Հայաստանը այդ օրը որեւէ փաստաթուղթ չի ստորագրելու:
«Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի առաջնորդները մայիսի 29-ին նախատեսում են ստորագրել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը, որը ուժի մեջ կմտնի 2015թ.-ի հունվարի 1-ից։ Միության ստեղծումը մասնակից պետություններին դուրս կբերի ինտեգրման ավելի բարձր մակարդակ։ (…) Կքննարկվեն եվրասիական տնտեսական ինտեգրացիայի մասնակիցների կազմի հետագա ընդլայնման, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու հարցերը»,- գրված է հայտարարության մեջ։
Նշենք, որ հայկական կողմը երեկվա դրությամբ պաշտոնական հաղորդագրությամբ հանդես չեկավ գագաթաժողովին իր մասնակցության ձեւաչափի եւ անելիքների շուրջ։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման զարգացման դեպարտամենտի տնօրեն, վերը նշված գագաթաժողովի փորձագիտական շրջանակի մասնակից Վիկտոր Սպասկին երեկ հայտնեց, որ մայիսի 29-ին սպասվում է միջազգային լուրջ ձեւաչափով գագաթաժողով, որի ընթացքում ստորագրվելու է այդքան սպասված ԵՏՄ-ի ստեղծման մասին համաձայնագիրը։
Իսկ ինչ վերաբերում է հայկական կողմի այդ գագաթաժողովում անելիքների մասին, պարոն Սպասկին տեղեկացրեց, որ Հայաստանը կկարողանա միանալ Եվրասիական տնտեսական միությանը միայն հիմնադիր երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի կողմից համաձայնագրի ստորագրումից հետո։
Թագուհի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում