Այսօր Հայաստանի գրողների միությունում ամփոփվեցին «Ընթերցման օլիմպիադա 2014»-ի արդյունքները:
Երկրորդ փուլ անցած 33 աշակերտներն էլ պարգևատրվեցին, իսկ 1-3-րդ տեղերն զբաղեցրած աշակերտները՝ Սիսիանի 2-րդ միջն. դպրոցի աշակերտ Հրաչ Խալաթյանը (1-ին տեղ), Այնթափի 2-րդ միջն. դպրոցի աշակերտուհի Մանե Խաչատրյանը (2-րդ տեղ) և Երևանի 177-րդ դպրոցի աշակերտուհի Սաթենիկ Հարությունյանը (3-րդ տեղ), հատուկ մրցանակների արժանացան:
«Ընթերցման օլիմպիադա 2014»-ի հաղթող Հրաչ Խալաթյանը, ի թիվս այլ պարգևների՝ գրքեր, հեռուստացույց, ապահովագրում և այլն, որպես նվեր ստացավ նաև Երևան-Փարիզ-Երևան ճամփորդության տոմս` երկու անձի համար:
«Գիրք շատ եմ կարդում: Դժվար էր մասնակցել այս մրցույթին, բայց պետք է հաղթահարել դժվարությունները»,- ասում է Հրաչը:
Կարդացեք նաև
«Այնպիսի տպավորություն է, թե այս օլիմպիադան դարձել է ազգային համերաշխության հարթակ: Հրաշալի է, որ կառավարությունն ու հասարակական կազմակերպությունը միավորվել են ընթերցանության շուրջ: Հիանալի է, որ այս օլիմպիադան ծնվեց գրատպության 500-ամյակի տարում: Ինձ համար շատ ուրախալի է տեսնել այսքան ընթերցասեր երեխաների, որովհետև մեր իրականության մեջ հաղթողը գիտելիքն է»,- ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն էլ նկատում է, որ այս օլիմպիադան վերածվել է շարժման. «Շարժում, որը միավորում է հասարակական և պետական մարմիններին` հանուն մեկ նպատակի: Առանց անձի զարգացման չկա պետության զարգացում, իսկ անձի զարգացում առանց ընթերցանության, գիտելիքների պաշարի հարստացման, հնարավոր չէ: Առանց գիտելիքի դուք չեք լինի հարգված և հաջողակ: Գրքի հետ յուրաքանչյուր հանդիպում ամենաթանկ և գողտրիկ երևույթներից մեկն է»,-ընդգծեց նախարարը:
Մրցույթի նախաձեռնող «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանն էլ ցավով նկատեց, որ մեր դպրոցներում լավ սովորող և կարդացող երեխաներին քմծիծաղով են վերաբերվում, «բոտանիկ» են անվանում. «Մենք վերցրինք ընթերցանության խթանման գերմանական մոդելը, որն իրականացվում է 13 տարեկան աշակերտների շրջանում,- ասում է Ա. Մարտիրոսյանը:- Հիմնական շեշտը դրել ենք ոչ թե մրցանակներ տալու վրա, այլ նրա, որ ընթերցող աշակերտն ուշադրության կենտրոնում լինի, դառնա օրինակ, լինի հերոս»:
Պարոն Մարտիրոսյանը նաև նշեց, որ նախորդ տարվա համեմատությամբ այս տարի ավելացել է մասնակից դպրոցների քանակը. «Մենք ցանկանում ենք, որ նախաձեռնությունը դառնա համահայկական»:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ