Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հաստատեց` Ֆրանսուա Օլանդը Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին Հայաստանում է լինելու

Մայիս 26,2014 19:09

Այսօր՝ մայիսի 26-ին, «Մամուլի ազգային ակումբում» տեղի ունեցած ասուլիսի ընթացքում Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի պաշտոնական այցը Հայաստան անվանեց շատ հաջողված, ծայրաստիճան ջերմ մթնոլորտում տեղի ունեցած այց:

Անրի Ռենոն իր խոսքում Ֆրանսիայի Հանրապետության նախագահի այցից մի քանի ուղերձ առանձնացրեց, որոնցից առաջինը այն է, որ Ֆրանսուա Օլանդը ի լուր աշխարհի հայտարարեց, որ Հայոց ցեղասպանության առիթով, անպայման, լինելու է Հայաստանում.

«Ինձ թվում է՝ դա բավականին ուժեղ հայտարարություն էր, նամանավանդ, հաշվի առնելով, որ դա արտահայտվեց մեր երկրի գերագույն ղեկավարի կողմից: Երկիր, որը, եթե ես չեմ սխալվում, միակ երկիրն է, ով օրենքի ուժով ընդունել է Հայոց ցեղասպանությունը: Եվ հետո, կարեւոր է նաեւ, որ հարյուրամյա տարելիցին մասնակցելու լուրն արվեց տարելիցից մեկ տարի առաջ, մի բան, որն եւս մեկ անգամ ընդգծում է խնդրո առարկայի վերաբերյալ Ֆրանսիայի որդեգրած բավականին հստակ ռազմավարությունը»:

Դեսպանի առանձնացրած հաջորդ ուղերձն ուղղված է  Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին. իր ուղերձի մեջ Ֆրանսուա Օլանդը հստակ կոչ է արել ընկալել քաղաքական իրավիճակը, որի մեջ գտնվում է Հայաստանը եւ ասել է, որ հարկ կլինի փնտրել որեւէ մի միջոց, որը հնարավորություն կտար ասոցացնել Հայաստանը Եվրամիության հետ. «Սա եւս մեկ անգամ ապացուցում է Ֆրանսիայի նման հայտարարությանը նախորդած խոր վերլուծական գործընթացները, եւ դրանց արդյունքում որդեգրած բավականի վճռական դիրքորոշումը»:

Անրի Ռենոն նկատեց, որ Ֆրանսիայի նախագահի պաշտոնական այցը համընկել է Լեռնային Ղարաբաղի հրադադարի ստորագրման քսանամյակի հետ, եւ հայտարարեց, որ այդ այցը եւս մեկ անգամ ընդգծեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բացառապես խաղաղ տարբերակով լուծում գտնելու անհրաժեշտությունը.

«Հիմքում ունենալով Մադրիդյան սկզբունքները, որոնք նա հատուկ հարկ համարեց եւս մեկ անգամ ընդգծել, որ այդ երեք սկզբունքները համարժեք են եւ կտրուկ բացառեց ռազմական ճանապարհով Լենային Ղարաբաղի հարցի կարգավորման լուծման ցանկացած տարբերակ»:

Դեսպանը համարում է, որ նախագահի այցի ընդգծված պահերից էր նրա տնտեսական շեշտադրումը, որը նաեւ կարող է դիտվել որպես մեկ այլ ուղերձ, որ Ֆրանսիան Ռուսաստանից հետո արտասահմանյան թիվ մեկ ներդրողն է.  «Հարկավոր է այնպես անել, որ տնտեսական հարաբերությունները բարձրանան եւ հասնեն այն մակարդակին, որոնք այսօր գրանցված են քաղաքական հարաբերությունների տեսանկյունից եւ այնպես անել, որ տնտեսական այս բաղադրյալը համահունչ լինի Ֆրանսիայի՝ որպես արեւմտյան թիվ մեկ ներդրողի, ունեցած դերակատարությանը Հայաստանում: Քանի որ բավականին մեծ է առեւտրային հարաբերությունների եւ ներդրումային քաղաքականության միջեւ, եւ ժամանակն է հասունացել այս տարբերություն հասցնել այն մակարդակին, որոնք պատշաճ կլինեին որպես օտարերկրյա թիվ մեկ ներդրող»:

Պարոն Ռենոն պաշտոնական այցի նշանակալի մաս է համարում Միսակ Մանուշյանի անվան այգու բացման արարողությունը: Դեսպանը համարում է, որ դա առիթ էր Ֆրանսուա Օլանդի համար ցույց տալ, որ ֆրանսահայկական հարաբերությունները միակողմանի չեն եւ նաեւ առիթ էր հարգանքի տուրք մատուցել Հայաստանին, քանի որ հայերը Երկրորդ աշխարհամարտից հետո  Ֆրանսիայի վերակառուցման աշխատանքներին  իրենց աջակցությունն են ցուցաբերել. «Սա նաեւ երախտիք էր հայերին պայքարելու համար 1940-1944 թվականներին, երախտիք էր այն բոլոր մարտիկներին, ովքեր զենք վերցրեցին ժողովրդավարությունն ոտնձգություններից պաշտպանելու համար: Եվ շատ դեպքերում վճարելով ամենաթանկ գինը՝ իրենց սեփական կյանքը, իսկ դրա լավագույն մարմնավորումը Միսակ Մանուշյանն է, որը համարվում է թե՛ Հայաստանի, թե՛ Ֆրանսիայի հերոս»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031