Լրահոս
Օրվա լրահոսը

Դատապարտում են պատգամավորների ագրեսիվ եւ անպարկեշտ վարվելակերպը

Մայիս 26,2014 18:47

Անցած շաբաթ՝ մայիսի 19-ից 23-ը կայացած ՀՀ Ազգային ժողովի քառօրյա նիստը առանձնացավ որոշ պատգամավորների ակնհայտ ագրեսիվությամբ ու անպարկեշտ վերաբերմունքով լրագրողների նկատմամբ։ Այսպես՝ մայիսի 19-ին, երբ «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը փորձեց իմանալ ՀՀԿ-ական Շուշան Պետրոսյանի կարծիքը` օրեր առաջ Երեւանի «Վերնիսաժ»-ի մոտ տեղի ունեցած հրաձգության մասին, վերջինս պատասխանելիս լրագրողներին ասաց. «Դուք բոլորդ անբարոյականներ եք»։ Մայիսի 21-ին ծայրահեղ գռեհկություն եւ լրագրողին ճնշելու մտայնություն դրսեւորեց ԲՀԿ-ական Մելիք Մանուկյանը, որին մոտեցած «Հրապարակ» թերթի թղթակիցն ուզում էր պարզել, թե ինչ կարծիքի է նա կառավարության ներկայացրած ծրագրի մասին։ Մյուս օրը` մայիսի 22-ին, ՀՀԿ-ական Մհեր Սեդրակյանը փողոցային հայհոյանք հնչեցրեց` ի պատասխան «Tert.am» կայքի լրագրողի հարց ուղղելու փորձին։ Նույն օրը պատգամավոր Արայիկ Գրիգորյանը, գինովցած վիճակում, ակնհայտ անպարկեշտ վարվելակերպ դրսեւորեց «Fnews.am» կայքի կին թղթակցի նկատմամբ, ինչի տեսագրությունը տեղադրված է «Armlur.am»-ում։

Այս չորս պատգամավորներից միայն Շուշան Պետրոսյանը փորձեց այլ ԶԼՄ-ների միջոցով որոշ պարզաբանումներ ներկայացնել, սակայն դրանք համոզիչ չէին։ Իսկ «Ազատություն» ռադիոկայանի թղթակցին ներողություն հայտնելու նրա պատրաստակամությունն ամենեւին էլ համարժեք չէր լրագրողներին հասցեագրված արտահայտությանը։ Ինչ վերաբերում է մյուս միջադեպերին, ապա ո՛չ Մելիք Մանուկյանը, ո՛չ Արայիկ Գրիգորյանը, ո՛չ էլ Մհեր Սեդրակյանը ներողություն հայցելու որեւէ քայլ չարեցին։ Ի դեպ, վերջինս անցած տարի նմանատիպ վարք դրսեւորեց նաեւ «Ա1+»-ի թղթակցի հետ շփվելիս:

Դատապարտելի համարելով հիշյալ պատգամավորների ագրեսիվ եւ անպարկեշտ վարվելակերպը` մենք` ներքոստորագրյալներս, պահանջում ենք.

– ԱԺ ՀՀԿ եւ ԲՀԿ խմբակցություններից՝ քննարկման առարկա դարձնել այս միջադեպերը եւ իրենց գնահատականները ներկայացնել հանրությանը,
– ՀՀ դատախազությունից՝ սույն փաստաթուղթը Մհեր Սեդրակյանի մասով համարել հաղորդում հանցագործության մասին, եթե վերջինս հրապարակավ ներողություն չխնդրի «Tert.am»-ի լրագրողից։

Այդ միջադեպերից տուժած եւ անհարգալից վերաբերմունքի հանդիպած լրագրողներին կոչ ենք անում համապատասխան դիմումներ ներկայացնել ԱԺ Էթիկայի հանձնաժողով՝ վերոհիշյալ պատգամավորների վարքը քննարկելու համար։

Միաժամանակ լրագրողական հանրությանն առաջարկում ենք ցուցաբերել մասնագիտական համերաշխություն եւ, բարոյապես աջակցելով գործընկերներին, անհանդուրժող վերաբերմունք արտահայտել պատգամավորների անպարկեշտությունների առնչությամբ։
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ (ՆԱԽԿԻՆ «ԻՆՏԵՐՆՅՈՒՍ»)
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031