«Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի շրջանակում, Արցախ էին ժամանել նաև Տորոնտոյի տեղական մարմնի ներկայացուցիչներ տեր և տիկին`Արմեն և Պերճուհի Նալբանդյանները: Ծրագրից դուրս, նրանք ծանոթացել են նաև Արցախի ներքին կյանքին, այցելել ֆիզմաթ հատուկ դպրոց և ծանոթացել դպրոցականների հետ:
«Այդ ժամանակ ավարտական 12 Բ դասարանի շրջանավարտները պատրաստվում էին վերջին զանգին»-Karabakh-life.am-ին պատմում է նույն դասարանի ծնողկոմիտեի նախագահ Լիանա Զաքարյանը:
«Արմեն Նալբանդյանը հետաքրքրված էր շրջանավարտների ապագայով, նրանց հետագա ուսումը շարունակելու հարցով: Հետո ամուսինները տեղում որոշեցին, որ կհովանավորեն սոցիալապես անապահով 3 շրջանավարտի, տարվա կտրվածքով նրանց տրամադրելով 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ»- նշում է տիկին Լիանան:
Ծնողկոմիտեի նախագահի առաջարկով 3 շրջանավարտ` Աննա Կարախանյանը, Գոռ Պողոսյանն ու Սամվել Միրզախանյանն արժանանում են բարերարի ուշադրությանը: Ընտրվել են այն ընտանիքների երեխաները, ովքեր սոցիալական խնդիրներ ունեն, ծնողները հաշմանդամ են ու անաշխատունակ: Նրանք ուսման մեջ գերազանցիկ են և որոշել են ուսումը շարունակել Երևանի առաջատար ԲՈՒՀ-երում:
«Բարերարը նշել է, որ գումարի պատճառով խելացի երեխաները չպետք է մնան անուսում: Գումարները կփոխանցի ժամանակին, միայն մեկ պայմանով. եթե ուսումն ավարտելուց հետո վերադառնան Արցախ»- պատմում է Լիանա Զաքարյանը:
Սամվել Միրզաբեկյանի հայրը արցախյան պատերազմի մասնակից է, 2-րդ կարգի հաշմանդամ: Մայրն աշխատում է Հաթերքի տեղամասային հիվանդանոցում: Երևանում ուսանելու համար ընտանեկան բյուջեն սուղ է, բայց Սամվելը որոշել է սովորել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ատամնաբուժական ֆակուլտետում, հետագայում` դիմածնոտային վիրաբույժ է ուզում դառնալ: Սամվելի հետ հեռախոսազրույցում, իր երախտիքի խոսքն ասաց տեր և տիկին Նալբանդյաններին:
Մանրամասները կարող եք կարդալ` Karabakh-life.am-ի կայքում