Քաղաքագետ Գագիկ Համբարյանն այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում ամփոփելով Ուկրաինայում նախագահական ընտրությունների նախնական արդյունքները` նշեց, որ քվեաթերթիկների հաշվման նախնական արդյունքներով առավել շատ` մոտավորապես 55% ձայն հավաքել է օլիգարխ Պյոտր Պորոշենկոն, որն իր քաղաքական հայացքներով անհամեմատ զուսպ է նախորդից:
Խոսելով բուն ընտրությունների ընթացքի մասին` բանախոսն ասաց. «Ինչ վերաբերում է բուն նախագահական ընտրությանը, արեւելյան երկու խոշորագույն մարզերում` Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերում, դրանք տեղի չունեցան: Լուգանսկում ընդհանրապես ընտրություններ տեղի չեն ունեցել: Չնայած հայտարարվեց, թե երկու ընտրական տեղամասեր են բացվել, բայց իրականում դրանք շատ կարճ ժամանակ են գործել, որովհետեւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցիչները, որոնք դե ֆակտո իրենց ձեռքում են պահում այդ տարածաշրջանում ողջ իշխանությունը, արգելափակել էին ընտրական հանձնաժողովների գործունեությունը: Իսկ Դոնեցկի մարզում 2430 ընտրատեղամասերից բացվել է ընդամենը 308-ը, որոնց մեծ մասը օրվա կեսին փակվել է, որովհետեւ արդեն Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցիչները արգելափակել էին դրանց գործունեությունը: Կարելի է ասել, որ մոտավորապես 4 մլն. 300 հազար ընտրող կոնկրետ Արեւելյան Ուկրաինայի երկու խոշորագույն մարզերում, չի մասնակցել նախագահական ընտրություններին: Չեն մասնակցել նաեւ արդեն Ռուսաստանի մարզ կազմած Ղրիմի ընտրողները: Սակայն Ղրիմի թաթարները, որոնք չէին հանձնել իրենց ուկրաինական անձնագրերը, Ուկրաինայի իշխանությունների հովանավորության ներքո տեղափոխվել էին Խերսոնի շրջան, այնտեղ կատարել իրենց սահմանադրական պարտքը եւ վերադարձել Ղրիմ»:
Քաղաքագետի խոսքերով, այնուամենայնիվ, գրեթե բոլոր եվրոպական դիտորդական կազմակերպությունները ընտրությունները համարել են դեմոկրատական ու եվրոպական նորմերին համապատասխան: «Իսկ Ռումինիայի եւ ԱՄՆ-ի նախագահները, չսպասելով պաշտոնական տվյալների հրապարակմանը, շնորհավորել են Պյոտր Պորոշենկոյին եւ արդեն ՌԴ-ին կոչ են անում` նույնպես ճանաչել նորընտիր նախագահին եւ համագործակցել նրա հետ: Մինչդեռ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մի քանի օր առաջ էր հայտարարել, որ իրենք կհամագործակցեն այն անձի հետ, ում Ուկրաինայի ժողովուրդը կընտրի նախագահ», – ասաց Գագիկ Համբարյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև