Հունիսի 10-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ նշանակվել է «Բանդա-2» քրեական գործով դատական նիստը: Այս գործով մեղադրանք է առաջադրվել 9-ը անձի` Ռաֆայել Հարոյանին, Տիգրան Հովհաննիսյանին, Կարեն Վարդանյանին, Հայկ Կոջոյանին, Մնացական Սարգսյանին, Էդիտա Ալիխանյանին, Գոհար Գաբրիելյանին, Վահե Ստեփանյանին եւ Մառլեն Մուրադյանին:
Նրանք մեղադրվում են տարադրամի փոխանակման կետերի եւ այնտեղ աշխատող անձանց նկատմամբ ավազակային հարձակումներ կատարելու, ինչպես նաեւ «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերությունից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափի գումարի հափշտակության համար:
Նախաքննությունն իրականացնող մարմինը այս խմբի պարագլուխ է համարել Ռաֆայել Հարոյանին, որն ըստ նրանց, ստեղծել եւ անձամբ ղեկավարել է զինված խումբը` բանդան, որոշակի դերաբաշխմամբ: Նրանց մեջ է պատիժը պայմանական չկրած Տիգրան Հովհաննիսյանը:
Ըստ մեղադրանքի կողմի, կան մի քանի դրվագներ, որոնք ապացուցում են զինված, ավազակային հարձակումների մասին: Մասնավորապես, «Դաշինք» սահմանափակ ընկերության հիմնադիր Բաբկեն Հովհաննիսյանի նկատմամբ ավազակային հարձակումը, «Վինչեստր» տեսակի հրացանով: Մեղադրյալները դարանակալել էին Հովհաննիսյանի շքամուտքում, մարմնական վնասվածք էին հասցրել նրան, ու հետագայում դիմել փախուստի:
Կարդացեք նաև
Մեկ այլ դրվագով, խմբի անդամները անհատ ձեռնարկատեր Անդրանիկ Մկրտչյանին պատկանող տարադրամի փոխանակման կետում զինված հարձակվել էին աշխատակցի` Հակոբ Մկրտչյանի վրա, ատրճանակով կրակել էին Հակոբի ոտքին, որովայնին, պահանջել էին գումար, սպառնացել էին կյանքից զրկել նրան: Նրանք անզգույշ վնասել էին նաեւ իրենց հարձակմանը մասնակից Հայկ Կոջոյանին, հասցնելով միջին ծանրության վնաս.կրակել էին ձախ նախաբազկի հատվածում: Հակոբ Մկրտչյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացել էր:
Այդուհանդերձ, կարողացել էին տարադրամի փոխանակման կետից հափշտակել 34.051.872 ՀՀ դրամին համարժեք 2. 500. 000 ՌԴ ռուբլի, 800 դոլար, 4.100.000 ՀՀ դրամ, ու դիմել էին փախուստի:
Մեղադրյալ Էդիտա Ալիխանյանը հանդիսացել է «Հայբիզնեսբանկի» գործառնական վարչության հաճախորդների սպասարկման մասնագետ: Ամուսնու` մեղադրյալ Տիգրան Հովհաննիսյանի հետ երկարաժամկետ ավանդային պայմանագրեր կնքած ավանդատուների հաշվեհամարներից գումարներ են հափշտակել, իրենց տրամադրության տակ ունենալով ավանդատուների տվյալները:
Ըստ մեղադրանքի կողմի, այդ ամենն արվել է ծառայողական համակարգչի միջոցով: Ինչպես է արվել: Ավանդատուների համակարգչային տվյալներում, պայմանագրերի էլեկտրոնային տարբերակներում, տրվել է «դադարեցում» հրահանգը, ապա` «պարտքերի մարում» հրահանգը:
Դրա հետեւանքով, ավանդային պայմանագրերում նշյալ գումարները փոխանցել է ավանդատուների ցպահանջ հաշիվներին, կազմվել է վճարման կեղծ հանձնարարականներ, ստորագրվել է ավանդատուների փոխարեն, գումարները փոխանցվել են բացված հաշվեհամարներին, ապա կանխիկացվել եւ ամուսիններով յուրացրել են:
Բացի Էդիտա Ալիխանյանից, խմբի անդամներն ունեն միջնակարգ կրթություն, չեն աշխատել, Վահե Ստեփանյանն աշխատել է «Հույսի քարավան» տաքսի ծառայությունում, որպես հեռախոսավար, Մառլեն Մուրադյանն էլ «Պեպսի կոլա» ՍՊԸ-ում, որպես մենեջեր;
Այս գործով կդատակոչվեն քսան եւ ավելի վկաներ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ