Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանի վարչապետն այցելել է Սամցխե-Ջավախք

Մայիս 26,2014 17:07

Մայիսի 24-ին Վրաստանի վարչապետն այցելել է Սամցխե-Ջավախք: Վարչապետի
վարչության տարածած տեղեկության համաձայն` այցը կայացել է շրջանային
շրջագայության շրջանակներում, մինչդեռ ի տարբերություն այլ շրջանային
շրջագայությունների, որտեղ Կառավարության ղեկավարը ծանոթանում էր
տեղամասերի իրավիճակի, կոնկրետ տարածաշրջանի բնակչությանն անհանգստացնող
խնդիրների հետ, Սամցխե-Ջավախք այցի ընթացքում շեշտը դրված էր մոտեցող
տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վրա:

Այցի ընթացքում Իրակլի Ղարիբաշվիլին այցելեց Բաքու-Կարս երկաթգծի
շինարարական աշխատանքներին, այցելեց Ծնիսի գյուղի (Ախալցխաի շրջան) կաթի
վերամշակման գործարան, այցելեց Բորջոմիի երկու հյուրանոց, ինչպես նաև
հադնիպում-ելույթներ անցկացրեց Ախալցխայում, Չանդուրա և Սարո գյուղերում:

Ախալցխաի կենտրոնական հրապարակում Սամցխե-Ջավախքի տարբեր շրջաններից
հավաքված մարդկանց առջև իր ելույթն ունենալով` վարչապետը հայտարարեց
հետևյալը. «Սամցխե-Ջավախքի աշխարհագրական դիրքը մեր երկրի համար ստեղծում է
նոր հեռանկարներ: Այսօր այստեղ իրականացվում են մեծ, միջազգային
նշանակության նախագծեր: Այս շրջանում է ստեղծվում ամենակարճ ուղին դեպի
արտաքին աշխարհ և այլ երկրներ: Երկաթգիծը, որը կկապի Ասիան և Եվրոպան,
անցնելու է այս շարջանով: Բաքու-Թբիլիսի-Կարս. սա խոշորագույն նախագիծ է:
Հատկապես այս նախագծի շրջանակներում էլ կառուցվում է
Մարաբդա-Ախալքալաք-Կարծախի երկաթգծի 180 կիլոմետրանոց հատվածը: Այդ նախագծի
շնորհիվ Սամցխե-Ջավախքում ստեղծվել է զարգացման մեծ հնարավորություն:
Այդտեղ արդեն աշխատանքի են տեղադրվել հարյուրավոր մարդիկ, իսկ երբ կբացվի
երկաթգիծը, բնականաբար կստեղծվեն ավելի շատ աշխատատեղեր:

Մարաբդա-Կարծախի կտրվածքով շինարարական աշխատանքներն իրագործվում են
անդադար և մենք կավարտենք շինարարությունը նախատեսված ժամկետում: Մեզ
տրվում է պատմական հնարավորություն, որպեսզի մեծացնենք Վրաստանի դերը
տարածաշրջանում: Դա կլինի շատ լուրջ խթան մեր երկրի և տնտեսության
զարգացման համար:

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի մայրուղին, որը կանցնի ձեր Հայրենի հողի
միջով դեպի Թուրքիա, կկապի ձեր երկիրը բազում այլ երկրների հետ: Նման
նախագծերի իրականացումը բարեկեցություն կբերի մեր բնակչությանը և երկրի
առջև կբացի նոր հեռանկարներ:

Ուզում եմ նաև նշել, որ աշնանը կբացվի Կարծախիի անցակետը: Դա կլինի մեզ
Թուրքիային կապող նոր, արդյունավետ միջանցք: Կարծախիի անցակետը շատ մոտ է
տեղակայված Թուրքիայի խոշոր քաղաքներին: Այդ անցակետի բացման շնորհիվ մեր
երկրի դերը` որպես տարանցիկ պետություն, ավելի կաճի, ինչը կազգի
տնտեսության աճի վրա», -հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին:

Այսպիսով, ելույթ ունենալով շրջանի բնակչության առջև, որի 54%-ը կազմում
են ազգությամբ հայ քաղաքացիներ, վարչապետը իր ելույթի մեկ երրորդ մասը
նվիրեց Թուրքիայի հետ հարաբերություններին: Դժվար է պատկերացնել, որ
Մառնեուլիի բնակչության հետ հանդիպման ընթացքում որևէ մեկը այդքան
ուշադրություն հատկացներ Վրաստանի և Հայաստանի հարաբերություններին… բայց,
թողնենք այդ նրբությունը:

Զարմանք է հարուցում մեկ այլ փաստ: Ո՞ւմ էր վերաբերում «այստեղ արդեն
աշխատանքի են տեղավորվել հարյուրավոր մարդիկ, և երբ կբացվի երկաթգիծը,
բնականաբար կստեղծվեն նոր աշխատատեղեր » նախադասությունը:

Հանրահայտ փաստ է, որ տեղի բնակչությունը վերոնշյալ շինարարության մեջ
աշխատանքի տեղավորված չէ: Ավելին, աշխատանքի տեղադրված չեն, ոչ թե այն
պատճառով, որ չեն ուզում, կամ աշխատում են ուրիշ ձեռնարկություններում, այլ
այն պատճառով, որ Բաքու-Կարս երկաթգծի շինարարությունն իրականացնող
ընկերությունները տեղի բնակիչներին աշխատանքի չեն ընդունում: Շինարարական
կազմակերպությունները նախընտրում են բանվորներ բերել Թուրքիայից, ոչ թե
վարձել տեղի հայերին:

Իր ելույթի մնացած մասերում Իրակլի Ղարիբաշվիլին խոսել է կրթության
մակարդակի բարելավման, ապագայում տեղական ձեռնարկություններ բացելու հետագա
ծրագրերի, եվրոպական ինտեգրացիայի և, իհարկե, «Վրացական երազանք»
կուսակցության թեկնածուների մասին:

«Ես լավ գիտեմ ձեր խնդիրները և ուզում եմ ասել, որ մենք արդեն ծրագրել ենք
ենթակառույցային նախագծեր, որոնք կիրագործվեն Սամցխե-Ջավախքում`
ճանապարհների, կամուրջների վերանորոգում, մենք կլուծենք ջրի հարցը, կբացենք
ամբուլատորիաներ: Մեր Կառավարությունն իր վրա պատասխանատվություն է
վերցրել, որ հոգ կտանի քաղաքացիների առողջության մասին: Այսօր քաղաքացիներն
ունեն բժշկական ապահովագրություն: Եվ նրանց բուժման ծախսերը հոգում է
պետությունը»:

«Պետությունը հատուկ հոգ է տանում կրթության մասին: Կրթությունը գնալով
ավելի հասանելի է դառնում բոլորի համար: Մենք նոր սերունդներին կրթություն
ստանալու հնարավորություն ենք տալիս: Այսօր ձեր մեջ կան այնպիսիք, որոնց
համար վրաց լեզվի` պետական լեզվի իմացությունը խնդիր է: Մենք պարտավոր ենք
օգնել ձեզ, որպեսզի դուք կարողանաք խոսել վրացերեն, որպեսզի կարողանաք
լիարժեքորեն մասնակցել և ներգրավված լինել մեր երկրի կյանքում: Միաժամանակ,
մեզ համար շատ կարևոր է աջակցել ձեր Մայրենի լեզվի զարգացմանը: Ես
խոստանում եմ, մենք կպաշտպանենք այն», -հայտնել է վարչապետը:

Խոսելով մոտեցող ընտրությունների մասին` Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել
է. «Տեղական ինքնակառավարման ընտրությունները, որոնք տեղի կունենան հունիսի
15-ին կարևոր են նրանով, որ առաջին անգամ ձեզ հնարավորություն կտրվի
ընտրելու շրջանի ղեկավարությանը: Ձեզ հնարավորություն է տրվում ինքնուրույն
որոշել, թե ինչ է պետք ձեր գյուղին, շրջանին, քաղաքին: Դուք
հնարավորություն կունենաք վերահսկել ձեր կողմից ընտրված քաղաքապետի և
շրջանային խորհուրդների(սակրեբուլո-գամգեոբա) գործունեությունը:
Իշխանությունը և ժողովուրդը պետք է միասին ղեկավարեն, մենք միասին պետք է
հոգ տանենք մեր երկրի մասին»:

Վարչապետի խոսքերին մի քիչ հակասում են Ախալալաքի շրջանի Չանդուրա
գյուղում կայացած հանդիպումը լուսաբանող կադրերը: Գյուղ հասնելով` Իրակլի
Ղարիբաշվիլին մոտեցել է իրեն սպասող տեղի բնակչությանը և հարցրել. «Ինչպե՞ս
եք ապրում, ի՞նչ խնդիրներ ունեք»: Չսպասելով տեղի բնակչության պատասխանին`
վարչապետը միանգամից շարունակել է իրեն շրջապատող չինովնիկների հետ շփումը,
որոնք բնականաբար, հայտարարել են, որ գյուղում ամեն ինչ լավ է: «Գոյություն
ունի միայն մեկ խնդիր` ոռոգումը: Այն էլ մինչև տարվա վերջ դա էլ կլուծվի»:
Այն, որ տարեցտարի աշխատատեղերի բացակայության պատճառով գյուղի
բնակչությունը քչանում է, այդ մասին, իհա´րկե, ոչ ոք վարչապետին չասաց:
Տեղի բնակչությունը չկարողացավ զրուցել վարչապետի հետ: Չէ՞ որ նա պետական
լեզվով էր խոսում… Հաղորդակցություն չկայացավ:

Երկու տարի անց, նախընտրական բազում խոստումներ տալուց հետո,
Սամցխե-Ջավախքում շատ բան չի փոխվել: Դեռևս չեն բացվել խոստացված
ձեռնարկություններն ու գործարանները, բնակչությունը շարունակում է
գործազուրկ մնալ: Սոցիալական դրությունը շարունակում է մնալ ծանր: Չի
ավելացել նաև վրացերենի դասավանդումը, հատկապես շրջանի ավագ բնակչության
համար: Առաջվա պես լուծված չէ հայերենին`որպես տարածաշրջանային լեզվի
կարգավիճակ շնորհելու հարցը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031